


Արմինֆո.Հայաստանում ամառային ճանապարհորդությունների սեզոնի մեկնարկով պայմանավորված՝ Երևանում ԱՄՆ դեսպանատունը Միացյալ Նահանգների քաղաքացիներին, դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին հիշեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտության առնչությամբ արգելվում են ոչ հրատապ ուղեւորությունները սահմանամերձ շրջաններ:
Դեսպանատան տարածած հաղորդագրությունում նշվում է, որ, թեեւ, դեռևս 2022 թվականից կիրառվող սահմանափակումներում որոշակի մեղմացումներ են եղել, սակայն, այցելության համար անցանկալի վայրեր են Տավուշի մարզի Վարագավանից արևելք՝ Հ37 ավտոճանապարհը, Տավուշի մարզի Նավուր գյուղից արևելք՝ Հ36 ավտոճանապարհը, Գեղարքունիքի մարզում Վարդենիսից արևելք։ Բացի այդ, Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրվում է, կանգառը՝ ոչ, ճանապարհորդությունը դեպի Ջերմուկ թույլատրվում է Վայոց ձորի մարզի Գետիկի կողքով Հ42 և Հ43 ճանապարհներով, իսկ այցելությունը Սյունիքի մարզ և ճանապարհորդությունը դեպի Լեռնային Ղարաբաղ շարունակում է արգելված մնալ։
«ԱՄՆ քաղաքացիները պետք է շարունակեն զգուշանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր միջազգային սահմաններից և խուսափեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի և շփման գծի մերձակայք ուղեւորություններից։ ԱՄՆ կառավարությունը չի կարող արտակարգ ծառայություններ տրամադրել ԱՄՆ քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում, քանի որ մուտքը սահմանափակված է»,- ասվում է հաղորդագրությունում։



