


Արմինֆո. ԱՄՆ Պետդեպարտամենտում նախկինի պես մտահոգված են Հայաստանի Արարատի մարզում ստեղծված իրավիճակով, որտեղ տուժել են ամերիկյան ընկերության համար աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացիներ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլերը։
Հունիսի 15-ին լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ է անում ԱՄՆ-ը, որպեսզի Երասխում չկրկնվեն նման միջադեպերը, որոնց հետևանքով տուժել են ամերիկյան ընկերության համար աշխատող երկու քաղաքացիներ, հատկապես, հաշվի առնելով այն փաստը, որ ադրբեջանական կողմն ամեն ինչ հերքում է, Միլերը նշել է, որ ավելի վաղ ինքն արդեն արտահայտվել է այդ առնչությամբ և ավելացնելու ոչինչ չունի, քան՝ կրկնել նախկինում ասվածը:
"Մենք նախկինի պես մտահոգված ենք իրավիճակով։ Եվ մենք շարունակում ենք կոչ անել երկու կողմերին միասին աշխատել՝ մնացած տարաձայնությունները հաղթահարելու համար։ Ինչպես գիտեք, ինչպես մենք երեկ խոսեցինք, մենք, իսկապես, կարծում ենք, որ համաձայնագիրը դեռ հասանելիության սահմաններում է, և մենք անհամբերությամբ սպասում ենք երկու կողմերի հանդիպմանը՝ առաջ շարժվելու համար", - նշել Է Միլերը:
Ճշգրտող հարցին՝ թե երբ է նախատեսվում հանդիպումը, Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նշել է, որ այդ մասին կհայտարարվի, երբ հայտնի կլինի ամսաթիվը:
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին և 14-ին ադրբեջանական զինուժը կրակ էր բացել Երասխում կառուցվող հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանի ուղղությամբ: Գնդակոծության հետևանքով վնասվել են երկու քաղաքացիական ավտոմեքենա և գործարանի վարչական շենքը ։ Բացի այդ, մայիսի 14-ին մետալուրգիական գործարանի գնդակոծության հետևանքով վիրավորվել է Հնդկաստանի երկու քաղաքացի: Նրանց առողջական վիճակը, ըստ ՀՀ առողջապահության նախարարության, գնահատվում է միջին ծանրության։ Նրանք վիրահատվել են։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ։



