


Ապրիլի 17-ին ժամը 18:30-ին «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը Ազատության հրապարակում հրավիրում է բռնադատվածներին եւ նրանց մարմնավորած պայքարի նկատմամբ համերաշխության եւ պայքարը շարունակելու վճռականության վերահաստատման հանրահավաք եւ երթ: Իսկ ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության նահատակների նկատմամբ հարգանքի տուրքի մատուցումից հետո, ժամը 18:00-ից սկսյալ Էրեբունի թանգարանի հարակից հրապարակում տեղի կունենա «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման սպասված միջոցառումը:
«Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ մեր քայլերը եւ գործողությունները ամբողջությամբ լինելու են Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում, իսկ ապրիլի 24-ին առհասարակ չի կատարվելու որեւէ գործողություն, որը կարող է վտանգել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների անցկացումը», - ասվում է Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հայտարարությունում:
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին ձերբակալված Ժիրայր Սեֆիլյանն ու նրա զինակիցները կալանավորվել են ապրլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները ձախողելու փորձի համար առաջադրված մեղադրանքով:


