


Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթեր ներկայացնելուց հետո ՙԱզգային վերածնունդ՚ կուսակցությունը մշտական ճնշման է ենթարկվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների կողմից: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել է կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը:
Արցախի խորհրդարանական ընտրությունները, որի նախընտրական արշավն սկսվել է ապրիլի 1-ին, տեղի են ունենալու մայիսի 3-ին: Ընտրություններին մասնակցում է 7 կուսակցություն`ՙԱզատ հայրենիք՚, ՙԱզգային վերածնունդ՚, ՙԽաղաղություն և զարգացում՚, ՀՅԴ, ՙՇարժում-88՚, Արցախի ժողովրդավարական կուսակցություն և Կոմունիստական կուսակցություն:
ՙՀիշյալ քաղաքականության վերջին դրսևորումը կուսակցության գլխավոր շտաբի համար մեր վարձակալած տարածքի սեփականատիրոջ`այն վարձակալության տալուց հրաժարվելն էր: Մենք ստիպված էինք նոր տարածք փնտրել, և այժմ շտաբը գտնվում է Ստեփանակերտի Ալեք Մանուկյան փողոցում: Կարծում ենք, որ դա հնարավոր է դարձել նրա և նրա հարազատների հասցեին հատուկ ծառայությունների աշխատակիցների սպառնալիքների հետևանքով՚,- հայտնել է ընդդիմադիր գործիչը:
Ըստ նրա, իշխանությունները շարունակում են խոչընդոտներ ստեղծել կուսակցության նախընտրական արշավի ճանապարհին`սպառնալով վերջինիս կողմնակիցներին, խանգարելով ընտրողների հետ հանդիպումների կազմակերպմանը և այլն: Խանումյանի խոսքով, կատարվածի ողջ պատասխանատվությունն ընկնում է անձամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և ԼՂՀ ԱԱԾ տնօրեն Արշավիր Ղարամանյանի վրա:
ՙԱզգային վերածնունդ՚ կուսակցության`14 մարդուց բաղկացած համամասնական ցուցակը գլխավորում է Հայկ Խանումյանը, երկրորդ տեղում քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն է, երրորդ տեղում`բժիշկ Նունե Մելքումյանը:
Արցախի խորհրդարանը կազմված է 33 պատգամավորից, որից 22 պատգամավոր ընտրվում է համամասնական ընտրակարգով, 11–ը`մեծամասնական: Խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ ձայների նվազագույն շեմն իջեցվել է 6-ից մինչև 5% կուսակցությունների և 8-ից մինչև 7%`կուսակցական դաշինքների համար:



