
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը կարևոր ուղերձ է պարունակում Թուրքիային՝ առերեսվելու իր անցյալի հետ, ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և, այսպիսով, ճանապարհ հարթելու թուրք և հայ ժողովուրդների միջև իրական հաշտեցման համար: Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` Լյուքսեմբուրգում Եվրոպական միության եւ Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանն իր ելույթում:
Նա նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Եվրախորհրդարանի ապրիլի 15-ին ընդունած բանաձևը եվրոպական քաղաքական դաշտի բոլոր քաղաքական խմբերի կողմից ներկայացված և ընդունված շրջադարձային փաստաթուղթ է։ «Հարգանքի տուրք մատուցելով 1,5 մլն անմեղ հայ զոհերի հիշատակին՝ ԵՄ ամենաներկայացուցչական մարմինը կոչ արեց Հանձնաժողովին և Խորհրդին՝ եվրոպական համերաշխության և արդարադատության ոգով միանալու ոգեկոչմանը», - նշել է արտգործնախարարը։
Իր ելույթում Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է նաև ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը. «Հայաստանը համոզված է, որ Եվրոպական տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ հանգուցալուծումն առաջնային կարևորություն ունի կայունության, խաղաղության և զարգացման համար։ Հայաստանը շարունակելու է ջանքերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։ Մենք գնահատում ենք, որ Եվրոպական միությունը և նրա անունից Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը տարբեր առիթներով իրենց միանշանակ աջակցությունն են արտահայտել Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը», - նշել է նա։
Էդվարդ Նալբանդյանն իր խոսքում կարևորել է Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման գործընթացը՝ ընդգծելով. «Հայաստանը գտնում է, որ հնարավոր է լավագույնս օգտագործել տարբեր ինտեգրացիոն ձևաչափերը՝ առավել հեռանկարային տեսլականի միջոցով, որը կարող է կառուցվել հնարավորությունների և ոչ թե անհամատեղելիության վրա՝ դրանով իսկ թույլ չտալով նոր բաժանարար գծերի ստեղծումը»։ Նա հավելել է, որ ապրիլի 29-ին Բրյուսելում տեղի կունենան Հայաստան - ԵՄ՝ արտոնագրային ռեժիմի դյուրացման և հետընդունման համաձայնագրերի հարցերով համատեղ կոմիտեների հերթական հանդիպումները: «Մենք հուսով ենք, որ դրանց արդյունքում կկարողանանք մեկնարկել ԵՄ հետ արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը», - եզրափակել է նախարարը։