


Արմինֆո. Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին ծանոթացել է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) գործունեությանը:
"Այսօր EUMA -ն պատիվ ունեցավ Ջերմուկի օպերատիվ հենակետում հյուրընկալել Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի և Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թերների գլխավորած պատվիրակությանը:
Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարի տեղակալ Մարեկ Կուբերսկին պատվիրակությանը տեղեկացրել է անվտանգության ոլորտում իրավիճակի զարգացման մասին և քննարկել Կանադայի ապագա ներդրումը EUMA - ում", - ասվում է EUMA-ի թվիթերյան էջում:
Ավելի վաղ Կանադայի ԱԳ նախարարը հաղորդել էր, որ մտադիր է այցելել Ջերմուկ և անձամբ ծանոթանալ ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ ադրբեջանական ագրեսիային:



