.jpg)
Ֆերմերին այսօր հասցնելով սնանկացման, վաղը կարող են սնանկանալ նաև կաթ վերամշակող ընկերությունները: Այսօր կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել «Հայաստանի ագրարա-գյուղացիական միություն» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը, նշելով, որ օրերս ընկերություններից մեկը ևս 10 դրամով իջեցրել է կաթի մթերման գինը:
«Ամռանը գները միշտ ընկնում են, քանի որ կաթի արտադրությունն ավելանում է: Բայց ոչ այդքան չափերով: Պետական այրերից մեկը կարծիք էր հայտնել, որ դա համայնքների ղեկավարների մեղքով է, բայց դա աբսուրդ է: Ոչ մի համայնքապետ գնագոյացման հետ կապ չունի: Դա ավելի շուտ կապված է կաթի փոշու միջազգային գների կտրուկ անկման հետ, ինչը փոշու օգտագործումը դարձնում է ավելի ձեռնտու: Խոսքը չի գնում դեպի Հայաստան կաթի փոշու ներմուծման մասին: Հասկանալի է, որ այն պետք է ներմուծվի և օգտագործվի ըստ նշանակության: Սակայն, խանութներում հաճախ ենք բախվում մի երևույթի, երբ կաթի պիտակների վրա նշված է լինում` «անարատ կաթ», բայց իրականում, դա փոշուց է լինում պատրաստված, և միայն քիչ ընկերություններ են նշում ինչ-որ տոկոսային հարաբերակցություն: Իսկ ո՞վ է ստուգում: Այս հարցով պետք է զբաղվել լրջորեն: Եթե կաթը պատրաստված է փոշուց, ապա պետք է արժենա ոչ թե 400, այլ 100 դրամ: Ո՞ւմ են խաբում: Գերշահույթների հետևի՞ց են վազում: Եթե այդպես շարունակվի, ապա իրավիճակը կարող է դառնալ ողբալի»,-հայտարարել է Բերբերյանը:
Նա կաթ վերամշակող ընկերություններին կոչ է արել լինել ավելի զգոն, որպեսզի աշնանը չզարմանան, երբ խանութներում հանկարծ հայտնվի ռուսական կամ բելոռուսական արտադրության կաթնամթերք: «Մեր ընկերությունները չեն դիմանա մրցակցությանը և կփակվեն: Շատերը կարծում են, թե ԵԱՏՄ-ն միակողմանի ճանապարհ է`միայն հայկական ապրանքներն արտահանելու համար: Բայց դա այդպես չէ: Որքան մենք կարող ենք արտահանել, այնքան էլ նրանք կարող են ներկրել: Եվ նրանք անպայման կօգտվեն այդ հնարավորությունից»,-ընդգծել է նա:
Բերբերյանը տեղեկացրել է, որ հունիսի 1-ին «Հայաստանի ագրարա-գյուղացիական միությունը» դիմել է ՀՀ Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովին: «Նրանք կարծում են, թե ամեն ինչ արվում է կանխամտածված: Գնագոյացումը չի տանում մրցակցության: Բոլոր մթերողներն էլ միևնույն գներն են առաջարկում: Եթե Հանձնաժողովը բացահայտի արհեստական միտումներ, հուսով եմ, որ մեղավորները կպատժվեն: Այլ խոսքով, չեն ուզում վճարել ֆերմերին, կվճարեն պետությանը»,-նշել է Հ.Բերբերյանը, հավելելով, որ պրոբլեմի լուծումն ինքը տեսնում է «Գյուղատնտեսական ապրանքներ արտադրողների մասին» օրենքի ընդունման մեջ: