
Ստեփանակերտի օդանավակայանն ամբողջովին պատրաստ է շահագործման, սակայն առայժմ իրականացվում են միայն փոքր ավիացիայի թռիչքներ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը:
Նրա խոսքով, օդանավակայանը գործում է, գյուղատնտեսական աշխատանքների և ներքին զբոսաշրջության խթանման շրջանակներում իրականացնում են փոքր ավիացիայի թռիչքներ: ՙՍակայն, նկատի ունենալով օդանավակայանի ներկայիս կարգավիճակը`դեպի Երևան և օտարերկրյա քաղաքներ չվերթեր առայժմ չեն իրականացվում՚,- նշել է վարչության պետը: Ըստ որում, նա չի կարողացել հստակ ամսաթիվ նշել, թե երբ հնարավոր կլինեն օտարերկրյա չվերթերը: ՙԵրբ ինձ կանչեն ու ասեն, որ վաղը թռիչքներ ենք սկսում, այդ ժամանակ էլ մենք կսկսենք, քանի որ պատրաստ ենք՚,- նշել է նա:
Ավելի վաղ ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը հայտարարել էր, որ Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը ԼՂՀ ինքնիշխան իրավունքն է և հետապնդում է բացառապես քաղաքացիական և մարդասիրական նպատակներ` ներառյալ մարդու այնպիսի հիմնարար իրավունքի իրացումը, ինչպիսինն է տեղաշարժի ազատությունը: ՙՄենք շատ զգայուն ենք աէրոնավիգացիոն անվտանգության ապահովման հարցում: Հենց որ բոլոր պայմաններն ապահովվեն, բնականաբար, կվերականգնվի օդանավակայանի նորմալ կենսագործունեությունը՚,- ընդգծել է նա:
Ստեփանակերտի օդանավակայանը կառուցվել է 1974 թվականին և հիմնականում ընդունում էր Երևանից և Բաքվից ժամանող ինքնաթիռներին: 1992 թվականից օդանավակայանը չէր գործում, իսկ 2008 թվականից սկսվեց օդանավակայանի նոր գլխավոր մասնաշենքի շինարարությունը և վերակառուցումը, իսկ արգենտինահայ գործարար Էդուարո Էռբեկյանը Ստեփանակերտի օդանավակայանի համար գնեց ինքնաթիռ: Օդանավակայանը հագեցված է միջազգային բոլոր ստանդարտներով, ի վիճակի է ժամում սպասարկել մինչև 100 ուղևորի: Սկզբնական շրջանում ՙԷյր Արցախ՚ ավիաընկերությունը ծրագրում է թռիչքներ իրականացնել Ստեփանակերտ-Երևան-Ստեփանակերտ ուղղությամբ: Ադրբեջանական կողմի`Լեռնային Ղարաբաղի երկնակամարում քաղաքացիական ինքնաթիռները խփելու շարունակական սպառնալիքները դատապարտվեցին միջազգային հանրության, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: