


Հունիսի 24-ի վաղ առավոտից ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները և Ազգային ժողովի պատգամավորներն էլեկտրաեներգիայի սակագների բարձրացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին համոզում են ազատել Երևանի կենտրոնական փողոցներից մեկը`Բաղրամյան պողոտան:
Ինչպես հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը, ցուցարարներին է դիմել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը, ով առաջարկել է ակցիայի մասնակիցներին ազատել Բաղրամյան պողոտան և տեղափոխվել Ազատության հրապարակ: Նրա խոսքով, փողոցի փակումը խնդիրներ է ստեղծում ինչպես պետական և դիվանագիտական կառույցների նորմալ գործունեության, այնպես էլ բնակիչների համար: Բացի այդ, դա խանգարում է նաև հասարակական տրանսպորտի աշխատանքին: Սակայն, առաջարկն արժանացել է բողոքի ակցիայի մասնակիցների խիստ բացասական արձագանքին: Նրանք ընդգծել են, որ սպասում են մարդկան նոր խմբերի, որպեսզի կրկին հավաքվեն նախագահական նստավայրի մոտ:
ԱԺ պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանը, Նիկոլ Փաշինյանը, Թևան Պողոսյանը, Աղվան Վարդանյանը և ուրիշներ նույնպես առաջարկում են ակցիայի մասնակիցներին ցրվել, իսկ երեկոյան հավաքվել Ազատության հրապարակում, որտեղ էլ կկողմնորոշվեն հետագա գործողությունների հարցում: Իրենց առաջարկը պատգամավորները պատճառաբանել են ակցիայի մասնակիցների փոքրաթիվությամբ`շուրջ 1200-1300 մարդ: Սակայն, խորհրդարանականների այս նախաձեռնությունը ևս չի ընդունվել ցուցարարների կողմից:



