


Միջազգային խաղաղապահների տեղակայումը պետք է դառնա բանակցությունների միջոցով ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման կետերից մեկը: Հուլիսի 20-ին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյսմ Ուորլիքը:
Նրա ասելով, այդ համապարփակ կարգավորման շրջանակում կողմերը պետք է համաձայնության հանգեն Արցախի բնակչության կամքի ազատ արտահայտման, հարակից տարածքների վերադարձման, փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձի հարցերի շուրջ: «Բացի այդ, պետք է լինեն անվտանգության իրական և կայուն երաշխիքներ, ինչը նախատեսում է միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում տարածաշրջանում», - ընդգծել է նա:
Համանախագահը կարծում է, որ կողմերն առայժմ պատրաստ չեն քննարկել կարգավորման բոլոր մանրամասները: Նրան մտահոգում է նաև ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև վստահության ցածր մակարդակը, քանի որ, Ուորլիքի կարծիքով, հենց կողմերի անվստահությունն է խոչընդոտում խնդրի կարգավորմանը: «Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք փոխվհստահության ձևավորման ուղղությամբ, քանի որ տևական խաղաղությունը ենթադրում է ոչ միայն փաստաթղթեր, այլև` ժողովուրդների միջև վստահություն», - հայտարարել է նա:



