
Արմինֆո. Եվրախորհրդարանը դեկտեմբերի 19-ի լիագումար նստաշրջանում ընդունել է "Ադրբեջանում քաղաքացիական հասարակության եւ անկախ լրատվամիջոցների դեմ շարունակվող բռնաճնշումները եւ Գուբադ Իբադօղլուի, Անար Մամեդլիի, Քամրան Մամեդլիի, Ռուֆաթ Սաֆարովի եւ Meydan TV-ի գործերը" խորագրով բանաձեւը:
Ինչպես հաղորդում է Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիան (EAFJD), բանաձևն ընդունվել է 434 ձայնով, «դեմ» է քվեարկել 30 պատգամավոր, 89-ը ձեռնպահ է մնացել: Բանաձևի քննարկումը տեղի է ունեցել դեկտեմբերի 18-ին։
Նշվում է, որ Եվրախորհրդարանի անդամները խստորեն դատապարտել են Ալիևի ռեժիմի կողմից մամուլի ազատության ճնշումն ու այլախոհության նկատմամբ հետապնդումները: Նրանք կոչ են արել ԵՄ ղեկավարությանը թիրախային պատժամիջոցներ սահմանել մարդու իրավունքները խախտող ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, ինչպես նաև կասեցնել Էներգետիկ ոլորտում 2022 թվականի ռազմավարական գործընկերության հուշագրի գործողությունը։ Բանաձևում ընդգծվում է բոլոր քաղբանտարկյալների, իրավապաշտպանների, լրագրողների և ակտիվիստների անվերապահ ազատ արձակման անհրաժեշտությունը, որոնք մեղադրվում են շինծու և քաղաքական դրդապատճառներով հարուցված գործերով:
Փաստաթուղթն ուշադրություն է հրավիրում 2023 թվականից ի վեր բռնաճնշումների խստացման վրա, հատկապես՝ COP29 գագաթնաժողովի ժամանակ, և արձանագրում է բանտարկյալների իրավունքների համակարգված խախտումը. պահման անմարդկային պայմաններ, խոշտանգումներ և հետապնդումներ, հատկապես՝ կին քաղբանտարկյալների:
Հատուկ ուշադրություն է դարձվել 23 հայ ռազմագերիներին, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին առաջնորդներին: Եվրախորհրդարանը կոչ է արել անհապաղ ազատ արձակել նրանց։ Բանաձևի քննարկման ժամանակ մի քանի պատգամավորներ բարձրացրել են նաև հայ պատանդների և Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հարցը ՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության դեմ:
Եվրախորհրդարանի պատգամավոր Բերտ-Յան Ռեյսենը հայտարարել է Եվրախորհրդարանի մոտեցումը փոխելու և Ադրբեջանի դեմ պատժամիջոցները խստացնելու անհրաժեշտության մասին ՝ մատնանշելով Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային տեղահանությունը:
Պատգամավոր Մարինա Մեզյուրը հավելել է, որ Ադրբեջանում պարբերաբար խախտվում են մարդու իրավունքները, իսկ HRW-ն փաստագրել է Լեռնային Ղարաբաղում գործողություններից հետո բանտարկյալների նկատմամբ խոշտանգումներն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը:
Հանուն արդարության և ժողովրդավարության եվրոպական հայկական ֆեդերացիայի (EAFJD) ղեկավար Կասպար Կարամպետյանը, մեկնաբանելով բանաձևի ընդունումը, համոզմունք է հայտնել, որ բանաձևն ընդգծում է ԵՄ ղեկավարության կողմից համալիր և արդյունավետ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը, որպեսզի ստիպեն Ալիևի ռեժիմին հրաժարվել բռնաճնշումների և անարդարության իր քաղաքականությունից:
"Ընդդիմության և լրագրողների նկատմամբ հետապնդումների խստացումը, ինչպես նաև քաղբանտարկյալների, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին և գործող առաջնորդների և այլ ապօրինի ձերբակալված հայերի պահման անմարդկային պայմանները Եվրոպական միության հիմնարար սկզբունքների և արժեքների խախտում են: EAFJD-ն շարունակելու է պաշտպանել այդ արժեքները, պայքարել մամուլի ազատության, արդարության եւ մարդու իրավունքների համար", - հավելել Է Կարամպետյանը։