
Արմինֆո. Հայաստանի իշխանությունները շարունակել են զգալի խնդիրների բախվել Լեռնային Ղարաբաղից տեղահանված ավելի քան 100 000 էթնիկ հայերի (ավելի քան 150 հազար խմբ.) սոցիալական պաշտպանության տրամադրման հարցում: Այդ մասին ասվում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության 2024թ. երկրների իրավիճակի վերաբերյալ տարեկան հաշվետվության մեջ՝ Հայաստանի մասով։ Հատկանշական է, որ այս իրավապաշտպան կազմակերպությունն Արցախի մասին խոսելիս կիրառում է բացառապես ադրբեջանական տեղանուններ և խուսափում է նշել Արցախից հայերի տեղահանման բռնի բնույթը:
Ընդ որում, նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս չկարգավորված հակամարտության պատճառով անորոշությունն ամբողջ տարվա ընթացքում գերիշխել է հանրային դիսկուրսում:
Զեկույցի հեղինակները նշում են, որ վարչապետի հրաժարականի պահանջով ընդդիմության հաճախակի ցույցերը խնդիր են դարձել իրավապահ մարմինների համար: Հիշեցվում է, որ ուժայինների կողմից ամբոխին զսպելու համար զենքի կիրառումը, առնվազն, մեկ դեպքում հանգեցրել է այն բանին, որ տասնյակ մարդիկ դիմել են բժշկական օգնության, ինչն ընդգծում է ոստիկանության կողմից չարաշահումների համար պատասխանատվության առնչությամբ շարունակվող մտահոգությունը:
"Մտահոգություն հարուցող այլ բնագավառները ներառում են սեւեռուն հսկողություն, ընտանեկան բռնություն, հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականություն, ինչպես նաև սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիման վրա բռնություն և խտրականություն", - ասվում է զեկույցում:
Միևնույն ժամանակ, իրավապաշտպան կազմակերպությունն ընդգծում է, որ պահպանվել է իրավապահ մարմինների կողմից չարաշահումների համար արդյունավետ պատասխանատվության բացակայությունը:
Զեկույցի հեղինակները նաև ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ 2024 թվականի ապրիլին
կառավարությունը հավանություն է տվել "հանրային վայրերի անվտանգության ամրապնդման" օրենսդրական փոփոխություններին, սակայն, նույն թվականի նոյեմբերին հայտարարել է, որ կհրաժարվի օրինագծից։
"Օրինագիծն ընդունելու դեպքում Երեւանում առեւտրային կազմակերպություններից կպահանջվեր տեղադրել տեսախցիկներ եւ ոստիկանությանը շուրջօրյա հասանելիություն տրամադրել ուղիղ եթերով հեռարձակումներին եւ ձայնագրություններին՝ ըստ պահանջի: Հանրային վայրերում տեսահսկման առկայությունն ինքնին կարող է զսպող ազդեցություն ունենալ մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի, հավաքների, միավորումների և արտահայտվելու ազատության իրավունքների վրա:
Օգոստոսին Human Rights Watch-ը գրել էր իշխանություններին, մանրամասնելով, թե ինչպես է առաջարկվող օրինագիծը խախտելու իրավունքները, իսկ հոկտեմբերին կոչ էր արել կառավարությանը չեղարկել օրինագիծը կամ ուղարկել փորձաքննության: Սկզբում խորհրդարանը հետաձգել էր օրինագծի երկրորդ ընթերցումը, իսկ նոյեմբերի 11-ին Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածե, հաղորդելով, որ երկրորդ ընթերցում չի անցկացնի", - ասվում է զեկույցում։ Նշվում է նաև երկրում ԶԼՄ-ների նկատմամբ բռնության մասին։