


Արմինֆո. Հայ-ադրբեջանական երկկողմ բանակցությունների օրակարգում հումանիտար հարցերի ընդգրկումը կնպաստի Բաքվի և Երևանի միջև վստահության մթնոլորտի ստեղծմանը: Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտում այդպես են մեկնաբանել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության այլ ներկայացուցիչների նկատմամբ դատաստանը։
ՌԴ ԱԳՆ-ում արձանագրել են, որ նշված անձինք Ռուսաստանի քաղաքացիներ չեն։ "Հաստատում ենք, մեր հերթին, հավատարմությունը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններին, այդ թվում ՝ այնպիսի հարցերի լուծման անհրաժեշտության շուրջ, ինչպիսիք են փախստականների իրավունքների պահպանումը, պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանումը, ռազմական գործողությունների ընթացքում անհայտ կորածների որոնումը, պահվող անձանց փոխանակումը ։ Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել ադրբեջանցի և հայ գործընկերներին",- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում՝ ի պատասխան Verelq լրատվական գործակալության հարցին, թե արդյոք Մոսկվան կարող է օգնել այդ մարդկանց ազատ արձակմանը, որոնց տարրական իրավունքները հիմա կոպտորեն խախտվում են, իսկ նրանց նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կողմից առաջադրված մեղադրանքներն անուղղակիորեն առնչվում են նաև Ռուսաստանին:



