


Արմինֆո.Հայաստանում կկիրառվի երկրի պետական օրհներգի կատարման միասնական չափորոշիչ։ ՀՀ Ազգային ժողովը մարտի 5-ի հերթական նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է "Պետական օրհներգի մասին" օրենքի փոփոխությունները:
Ինչպես իր ելույթում նշել է փաստաթղթի համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը, մինչեւ երկրորդ ընթերցում երկրի կառավարությունից ստացվել է մի քանի առաջարկ, որոնք բովանդակային բնույթ չեն կրում, դրանք ավելի շատ վերաբերում են հարցի տեխնիկական կողմին:
Օրինագծով սահմանվում է օրհներգի միասնական չափորոշիչ՝ տեքստի, նոտաների, տևողության և երաժշտական ձևավորման մասով։ ՀՀ օրհներգը պետք է սկսվի այն քառատողով, որով այն սկսվում էր, իսկ ավարտվի ներկայիս օրհներգի տեքստում գրված երկրորդ քառատողով, այսինքն՝ "Թող միշտ պանծա Հայաստան"։
Պատգամավորն ընդգծել է, որ մինչեւ երկրորդ ընթերցում ավելի է կանոնակարգվում պետական օրհներգի կատարման կարգի և վայրերի հարցը: Մասնավորապես, կատարման յուրաքանչյուր դեպքի համար, լինի դա նվագախմբի կամ երգչախմբի ուղեկցությամբ, մշակվել են առանձին հավելվածներ։ Ներկայացված օրինագծում ներկայացված է նաև օրհներգի կատարման համառոտ տարբերակ, հատկապես, պաշտոնական արարողությունների ժամանակ: Այդ նպատակով կկիրառվի միասնական չափորոշիչ։ Բոլոր տարբերակները կզետեղվեն կառավարության պաշտոնական կայքում, և պաշտոնական արարողությունների ժամանակ պետք է կիրառվի վեց տարբերակներից մեկը:



