


Արմինֆո. Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի առաջին քննարկումը չափազանց արդյունավետ և բովանդակալից էր: Այդ մասին սոցցանցերում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ հրապարակելով քննարկման տեսանյութը։
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Փաշինյանը հրավիրել էր քաղաքացիներին՝ 20-30 հոգանոց խմբերով, իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկմանը <անկաշկանդ մթնոլորտում>: 70 և ավելի հոգանոց խմբերի ձևավորման դեպքում Փաշինյանը խոստանում է անձամբ այցելել տվյալ բնակավայր՝ նախագիծը քննարկելու համար:
Փետրվարի սկզբին Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում տեղի է ունենում գաղափարական տրանսֆորմացիա, և դրա հաջողությունից է կախված Հայաստանի Հանրապետության գոյությունը կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում, մեր խնդիրը Հայաստանի ՝ որպես անկախ պետության երկարակեցությունն է: <Այս գաղափարական տրանսֆորմացիան մենք անվանում ենք իրական Հայաստանի գաղափարախոսություն։ Այս գաղափարախոսության էությունն այն է, որ Հայաստանը միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառ. կմ տարածք ունեցող պետություն է, որն ունի մեկ խնդիր և մեկ նպատակ՝ ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունն ու երջանկությունը։ Այլ նպատակներ Հայաստանի Հանրապետությունն իր առջև չի դնում>, - ասել էր Փաշինյանը։


