
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ շարունակում է աջակցել է հայ միջնադարյան ճարտարապետության հուշարձանների վերականգնմանը, այս անգամ աջակցելով Տավուշի մարզի Ջուխտակ վանքերի համալիրին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, այդ աջակցության շնորհիվ նախաձեռնողը, ի դեմս «Համահայկական երիտասարդական շարժում» կազմակերպության, Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպս. Գալստանյանի օրհնությամբ տեղադրեց Ջուխտակ վանքերի մուտքերի երկու երկաթյա դռները (հայերեն և անգլերեն ցուցանակներով):
Բանկում պարզաբանել են, որ ծրագրի շրջանակում տեղադրվեցին Ջուխտակ վանքերի մուտքերի երկու երկաթյա դռները և եկեղեցու հարակից տարածքում տեղադրվեց երկլեզու ցուցանակ, որը ներկայացնում է եկեղեցու պատմությունը: Հասարակական կազմակերպության կամավորների և Բանկի աշխատակիցների համատեղ ջանքերով տարծքը բարեկարգվեց, հավաքվեց հարակից տարածքում կուտակված աղբը, ու եկեղեցիները հնարավորինս մաքրվեցին սերտաճած բուսականությունից:
«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, հաշվի առնելով հոգրևոր-մշակույթային անասելի մեծ նշանակությունը ազգապահպանման գործում, հնարավորինս աջակցել է նման ծրագրերի իրականացմանը: Կարևորում ենք այս նախաձեռնւթյունը, քանի որ ճարտարապետությունն ազգի դիմագիծն արտահայտող մշակույթի ճյուղերից մեկն է»,-նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ Հասարակության հետ կապերի պատասխանատու Նարեկ Ասատրյանը:
Նշենք, որ հայկական միջնադարյան ճարտարապետության հուշարձանախումբ՝ Ջուխտակ վանքերի համալիրը գտնվում է Տավուշի մարզում, Դիլիջանից 3 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ Դիլիջան-Վանաձոր ճանապարհի աջ կողմում՝ անտառապատ բլրի լանջին։ Վանքը բաղկացած է երկու առանձին եկեղեցիներից՝ Սուրբ Աստվածածին և Սուրբ Գրիգոր, և շուրջը տարածված գերեզմանոցից։ Վիմագրական աղբյուրներում ավանդվում է Պետրոսի վանք, Գիշերավանք անվանումներով։ Կազմված է առանձին կանգնած զույգ եկեղեցիներից (այստեղից էլ «Ջուխտակ» անվանումը), որոնցից արևմտյանը` Ս.Աստվածածինը, ըստ շքամուտքի բարավորի արձանագրության, կառուցվել է 1201թ.-ին, վանքի առաջնորդ Հայրապետի ջանքերով։ Միանավ, թաղակապ, երկթեք տանիքով դահլիճ է` բեմի երկու կողմում նեղ ավանդատներով։ Հարուստ է վիմական արձանագրություններով (արևմտյան պատուհանի պսակի արձանագրությունում հիշատակվում է կառուցող վարպետի` Սարգսի անունը)։ Մուտքի երկու կողմում նրբին քանդակազարդերով խաչքարեր են։ Ջուխտակ վանքի երկրորդ` Ս.Գրիգոր եկեղեցին գմբեթավոր (պահպանվել է գմբեթի գլանաձև թմբուկի ստորին մասը) դահլիճ է, որի կիսաշրջանաձև աբսիդի երկու կողմում կրկնահարկ ավանդատներ են։ Կառուցման ժամանակը որոշակիացնող տվյալներ հայտնի չեն։ Ս.Աստվածածին եկեղեցու շինարարական արձանագրությունից ենթադրվում է, որ նրա կառուցման ժամանակ Ս.Գրիգորը արդեն կանգուն է եղել։ Երկու եկեղեցին էլ կառուցված են բաց դեղնավուն ֆելզիտի սրբատաշ բազմերանգ քարերից։ 1973-1977թթ.-ին կատարվել են Ս.Գրիգոր եկեղեցու վերանորոգման աշխատանքներ: Ջուխտակ վանքի շուրջը տարածվում է միջնադարյան գերեզմանոց։
Նշենք, որ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկե ՓԲԸ-ն Հայաստանում գործում է 1995 թվականից: 2006 թվի սեպտեմբերից որպես բանկի մեծամասնական բաժնետեր հանդես է գալիս եվրոպական խոշորագույն Credit AgricoleS.A. խումբը` կապիտալում 15,56% մասնակցությամբ, ըստ մասնակցության մեծության նրան հաջորդում է SJSC "Sacam International" (Credit Agricole S.A խմբի անդամ) ԲԸ` 12,44%, որոնցից բացի կապիտալում ներկա են նաև գյուղացիական փոխօգնության 10 մարզային միություններ: Մասնաճյուղային ցանցի ընդգրմամբ բանկը երկրորդ տեղումէ` 56 ստորաբաժանում, որոնց մեծ մասը մարզերում է (41 մասնաճյուղ): Հիմնական հաշվեկշռային ցուցանիշներով «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը պահպանում է դիրքերն առաջատար հնգյակում: