


Արմինֆո."Տաշիր" ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանին տեղափոխել են Ազգային անվտանգության ծառայության շենքում տեղակայված "Երևան-Կենտրոն" քրեակատարողական հիմնարկ, որը հանրությանը հայտնի է որպես "ՊԱԿ-ի նկուղ": Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Քրեակատարողական ծառայության մամուլի քարտուղար Նոնա Նավիկյանը:
"Սամվել Կարապետյանը տեղափոխվել է "Երևան-Կենտրոն" քրեակատարողական հիմնարկ ՝ ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված",- նշել է նա:
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը ձերբակալվել էր հունիսի 18-ի գիշերը Հայաստանի իրավապահ մարմինների կողմից՝ Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցություն հայտնելուց հետո: Դրան ի պատասխան ՝ բացահայտ սպառնալիքներ էին հնչել վարչապետի կողմից։ Հունիսի 19-ի գիշերը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Սամվել Կարապետյանին երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել: Նրան մեղադրում են երկրում իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Կարապետյանը մեղքը չի ընդունում։
Ավելի վաղ Սամվել Կարապետյանը գտնվում էր "Արմավիր" ՔԿՀ-ում: Նա հայտարարել է, որ մտադիր է օգնել հայկական բանտերի կալանավորներին, որոնց իրավունքները խախտվել են։ Նրա խոսքով՝ ամեն օր հանդիպում է բանտարկյալների, որոնց ազատազրկել են մանրուքների համար կամ անօրինական դատական որոշումներով։ Կարապետյանի նախաձեռնությամբ ձևավորվել են իրավաբանների թիմեր, որոնք պատրաստ են աջակցել բոլոր նրանց, ովքեր ապօրինի ազատազրկվել են: Ըստ ԶԼՄ-ների՝ Կարապետյանի ակտիվությունը մտավախություն է առաջացրել բանտում հնարավոր խռովության առնչությամբ։
Միեւնույն ժամանակ, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Կարապետյանին պատկանող "Հայաստանի էլեկտրական ցանցերի պետականացման պլանի" պատրաստ լինելու մասին։ «Շատ շուտով կմտնենք գործնական փուլ։ Պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան», - նշել է նա սոցցանցում։



