
Բյուջետային գործընթացում աշխատանքի ծրագրանպատակային սկզբունքը և անցումը բյուջեների ձևավորմանը պետական ծրագրերի պլանավորումում համարվում են բյուջետային ծախսերի արդյունավետության բարձրացման գլխավոր եղանակներից մեկը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել քաղաքական գործիչ և տնտեսագետ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, մեկնաբանելով ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի այն հայտարարությունը, որ 2018 թվականից Հայաստանը լիովին կանցնի ծրագրային բյուջետավորման համակարգի: Հրանտ Բագրատյանը, միևնույն ժամանակ, կոչ է արել այնքան էլ չոգևորվել այդ առնչությամբ:
Նրա ասելով, ծրագրային բյուջետավորումը Հայաստանում երեկ չի ծագել և ունի գրեթե 20-ամյա պատմություն: «Դեռ 90-ականների կեսին սկսվել է այդ համակարգի ներդրումը, մասնավորապես` շինարարության ոլորտի ծախսերը պլանավորելիս: Այսօր արդեն բյուջեի միջոցների բաշխման 95%-ն իրականացվում է տվյալ մեթոդաբանության համաձայն», - նշել է փորձագետը: Չնայած այն հանգամանքին, որ արդյունքները ամենևին միանշանակ չեն այնպիսի գործոնների ազդեցության առնչությամբ, ինչպես` տնտեսական կոնյունկտուրան և Հայաստանի քաղաքական համակարգը», - նշել է նախկին վարչապետը: Ինչպես նշել է տնտեսագետը, լիակատար անցումը ծրագրային բյուջետավորմանը բարդ գործընթաց է, որը պահանջում է պետական կառավարման համակարգի վերակառուցում: Տվյալ համատեքստում պետք չէ ակնկալել, որ հայտարարված գործընթացը կլինի էլիքսիր բյուջեի միջոցների ռացիոնալ ձևավորման և օգտագործման համար, նշել է Բագրատյանը: Ինչպես պարզաբանել է տնտեսագետը, ռեսուրսների բաշխման և բյուջեի ծախսերի կառուցվածքի օպտիմալացման նկատմամբ ռացիոնալ մոտեցումների կիրառումը և, հետևաբար, բյուջետային գործընթացի թափանցիկության մեծացումը միաժամանակ ենթադրում է իրականացված աշխատանքների արդյունքների արդյունավետության մշտական վերահսկողւոթյուն և գնահատում: «Հետևաբար, կոչ եմ անում այնքան էլ չոգևորվել այդ առնչությամբ, քանի որ, առանց քաղաքական կոնյունկտուրայի փոփոխության հնարավոր չի լինի հասնել ակնկալվող արդյունքի», - ամփոփել է փորձագետը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, 2018 թվականից Հայաստանը լիովին կանցնի ծրագրային բյուջետավորման համակարգի: Հոկտեմբերի 30-ին խորհրդարանական լսումներում այդ մասին հայտարարել էր ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Նա հիշեցրել էր, որ օգոստոսի 13-ին Հայաստանի կառավարությունը հաստատել է ծրագրային բյուջետավորմանն անցման ռազմավարությունը, որի մշակմանն աջակցել են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը և ԱՄՆ միջազգային համագործակցության գործակալությունը: Փոխնախարարն ընդգծել էր, որ պետական բյուջեի հոդվածային կառուցումից ծրագրային բյուջետավորման անցմանն ուղղված աշխատանքն սկսվել է 2002 թվականից: Այդ ժամանակաընթացքում վիթխարի ծավալի աշխատանք է կատարվել, ինչի արդյունքում արդեն 2016 թվականին պետբյուջեի ծրագրերի 15%-ը, որը կկազմի բոլոր ծախսերի 25%-ը, կունենան բարելավված հիմնական ցուցանիշներ: Նոր համակարգի ղեկավարումը կիրանակացվի նույն սկզբունքներով, ինչ և միջնաժամկետ ծախսերի ծրագրերը մշակելիս: Մասնավորապես, երկրի հիմնական տնտեսական օրենքի նախագծի մշակմամբ կզբաղվի Բարձրագույն խորհուրդը, որը կգլխավորի վարչապետը: Խորհրդի ակզմում կընդգրկվեն բոլոր շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները, խորհրդարանի պատգամավորներ, Վերահսկիչ պալատի և Համակարգող խորհրդի ներկայացուցիչներ: Խորհրդի հիմնական խնդիրներից մեկը կլինի իրավական հիմքի մշակումը: Այսպես, 2017 թվականին «Բյուջետային համակարգի մասին» օրենքում կկատարվի ծրագրային բյուջետավորման անցման վերաբերյալ փոփոխություն: Կմշակվի նաև գործողությունների մանրամասն ծրագիր, որը պետք է պատրաստ լինի մինչև 2017 թվականի փետրվարը: Այդ նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ, որում կընդգրկվեն կառավարության ներկայացուցիչներ, պատգամավորներ և Վերահսկիչ պալատի ներկայացուցիչներ, ինչից հետո կհաստատվի նոր համակարգի ներդրման ժամանակացույց: Նախատեսվում է, մասնավորապես, ինստիտուցիոնալ բարեփոխումների անցկացում գործադիր իշխանության մարմիններում և դատաիրավական համակարգում, տվյալների էլեկտրոնային բազայի նախապատրաստում:
Պետբյուջեի ձևավորման նոր մոդելը նախատեսում է, որ բյուջեն պետք է կազմվի ծախսերի ոչ միայն քանակական, այլև որակական գնահատականների հիման վրա: Հետևաբար, ճյուղային նախարարությունները կարող են շտկումներ կատարել իրենց ապագա բյուջետային ծրագրերում` հաշվի առնելով ավելի վաղ ձեռք բերված արդյունքները: Կփոխվի նաև բյուջեի կազմման տրամաբանությունը: Պետական մարմինները կսկսեն պատասխանատվություն կրել սեփական ծրագրերի կազմման և արդյունքների համար: Ավելին, նախարարությունների աշխատակազմերը պետք է տիրապետեն ֆինանսական գիտելիքների` սեփական ծրագրերի և առաջարկվող նոր ծրագրերի արդյունավետությունը գնահատելու համար: Այդ համատեքստում նախատեսվում է շուրջ 5 հազար մասնագետ պատրաստել Ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնում` մարդկային ներուժի արդյունավետ օգտագործման շրջանակում: Փոխնախարարի հավաստմամբ, նոր համակարգը թույլ կտա բարձրացնել բյուջեի արդյունավետությունը, այն կդարձնի առավել թափանցիկ: