


Արմինֆո. Ռուսաստանը պատրաստ է ներդրում ունենալ Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման գործում: Այդ մասին "Իզվեստիա"-ին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:
Նա նշել է, որ դրան տանող հիմնական ուղղությունները նախանշվել են 2020 և 2022 թվականներին ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում:
"Մենք կարծում ենք, որ այդ ուղղություններով էլ պետք է շարժվել. խաղաղության պայմանագրի նախապատրաստում, տարածաշրջանում տնտեսական կապերի եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, սահմանների սահմանորոշում՝ հետագա սահմանազատմամբ, քաղաքացիական հասարակությունների եւ Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների միջեւ երկխոսության հաստատում։ Եվ, իհարկե, ռուսական կողմը, որպես եռակողմ պայմանավորվածությունների մասնակիցներից մեկը, պատրաստ է այսուհետ ևս իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում ։ Բնականաբար, այն ձևով, որով հարմար կլինի երկու կողմերին", - նշել է նա։
Հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացել են Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի բանակցությունները, քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ: Հաստատվել է, որ երկկողմ բանակցությունները կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերի քննարկման ամենաարդյունավետ ձևաչափն են, և դրա հիման վրա որոշվել է շարունակել արդյունքին միտված նման երկխոսությունը:



