


Արմինֆո. "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը նամակ է հղել ՀՀ գլխավոր դատախազին, որում նշել է կալանքի օրինական հիմքերի բացակայությունը և իր պաշտպանյալին երկամսյա կալանքի տակ պահելը որակել է որպես քաղաքական հետապնդման ակտ:
Փաստաբանը «Ֆեյսբուքի» իր էջում, մասնավորապես, հիշեցրել է, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ աբսուրդային քրեական վարույթը նախաձեռնվել էր հունիսի 17-ին իր հարցազրույցում հնչած մեր Մայր Աթոռը պաշտպանելու և օրվա իշխանությունների կողմից իրականացվող, առնվազն, հակասահմանադրական ոտնձգությունները քննադատելու համար:
«Հունիսի 18-ից մինչ օրս Սամվել Կարապետյանը կալանավորված է բացառապես այդ հարցազրույցի համար, այսինքն կալանավորված է առանց որևէ օրինական և իրավական հիմքի, բացառապես քաղաքական հետապնդման նպատակով: Քրեական վարույթն իրականացնող մարմինները պարտավոր են հունիսի 17-ի ներկայացված հարցազրույցը գնահատեն 2025 թվականի հուլիսի 4-ի և նույն թվականի հուլիսի 14-ի Սամվել Կարապետյանի կողմից ներկայացված հայտարարությունների շրջանակներում, որի պայմաններում ցանկացած ամենամեծ աբստրահված քննչական վարկածը չի կարող <<դիմանալ>> քննադատությանը և պարզապես օրենքին: Ավելին նման ակնհայտ անհիմն և ապօրինի կալանքը վերացնելու ոչ միայն լիազորությամբ, այլ նաև ստեղծված իրավիճակում այլևս պարտականությամբ օժտված է ՀՀ դատախազությունը և դրա վերաբերյալ համապատասխան գրություն եմ ուղարկել Գլխավոր դատախազին:
Հիշեցման կարգով հարցազրույցը որակվել էր իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ, որին նախորդել էր գործադիր իշխանության ղեկավարի հաշվեհարդարի խոստումը: Բոլորին այլևս ակնհայտ է, որ այդ հարցազրույցում բացակայում էր 1) հասարակությանն ուղղված կոչը, 2) բռնության որևէ հատկանիշ, 3) իշխանության զավթման որևէ հատկանիշ», - գրել է Արամ Վարդևանյանը:



