


Արմինֆո. "Ոսկե ծիրան" 22-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է Unseen Destination ֆոտոցուցահանդեսը ՝ նվիրված իրանական կինոյի ականավոր վարպետ Աբաս Քիառոսթամիին (1940-2016):
Ցուցադրությունը բաղկացած է 28 սև-սպիտակ բնապատկերային լուսանկարներից, որոնք Քիառոսթամին ստեղծել է տարբեր տարիների՝ ֆիլմեր նկարահանելու վայրեր որոնելիս: Վերնագրերից և ամսաթվերից զուրկ այդ նկարները պատկերում են բնական միջավայրով և մարդկային ներկայության հետքերով շրջապատված ճանապարհներ, որոնք վերածվում են խորհրդանշական և այլաբանական պատկերների:
Ինչպես իր ֆիլմերում, այնպես էլ լուսանկարներում Քիառոսթամին ցույց է տալիս ճանապարհորդությունը ՝ որպես կյանքի անցողիկության և բնության հավերժության միջև հակասությունը հասկանալու միջոց: Ցուցահանդեսը կազմակերպվել է "Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնի աջակցությամբ և հանրությանը հասանելի կլինի մինչև ս.թ. սեպտեմբերի 15-ը: Հատկանշական է, որ այդ լուսանկարներն անձամբ Քիառոսթամին փոխանցել է փառատոնին՝ Հայաստան կատարած այցի ժամանակ:
Նշենք, որ ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել են իրանցի նշանավոր ռեժիսորներ Ջաֆար Փանահին և Ամիր Նադերին: Նրանք կիսվել են Քիառոսթամիի հետ համագործակցության հիշողություններով և պատմել նրա հետ կապված անձնական պատմություններ: Հիշեցնենք, որ Աբբաս Քիառոսթամին Երեւան էր եկել 2005թ. հուլիսին՝ որպես "Ոսկե ծիրան" 2-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր: Այդ փառատոնի ընթացքում Քիառոսթամիին մրցանակ է հանձնվել կինեմատոգրաֆում ունեցած նվաճումների համար, ինչպես նաև ցուցադրվել է նրա ֆիլմերից մեկը:-



