


Արմինֆո. Դեսպանների նշանակման և հետ կանչման գործընթացն իրականացվում է ՀՀ նախագահի հրամանագրով: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը' ի պատասխան ԱՄՆ-ից դեսպան Լիլիթ Մակունցին հետ կանչելու և այդ պաշտոնում Նարեկ Մկրտչյանի նշանակման մասին տեղեկությունը մեկնաբանելու խնդրանքին:
Բադալյանը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգաամանքին, որ նախագահի հրամանագրերը հրապարակվում են երկրի ղեկավարի կայքում և հասանելի են հանրությանը:
Ընդ որում, ԱԳՆ-ում չեն անդրադարձել Եկատերինբուրգում Հայաստանի պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանի հեռացման վերաաբերյալ հարցին:
Ավելի վաղ "Առավոտ" օրաթերթը, հղում անելով սեփական աղբյուրներին, հաղորդել էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի մոտալուտ փոխարինման մասին: "Գյումրու ավագանու "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը շուտով կնշանակվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: Իսկ գործող նախարար Նարեկ Մկրտչյանը կնշանակվի ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան ՝ այդ պաշտոնում փոխարինելով Լիլիթ Մակունցին: Ըստ առկա տեղեկությունների ՝ նրա նշանակման ագրեմանն արդեն տրվել է։ Ի դեպ, Մկրտչյանի եղբայրը բնակվում Է ԱՄՆ-ում", - ասվում էր հրապարակման մեջ ։



