


Արմինֆո. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է 2025թ. հուլիսի 30-ին Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առնչությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, որով կալանքը կիրառելու մասին սկզբնական ապօրինի դատական ակտը թողնվել է ուժի մեջ։ Այդ մասին ասվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տարածած հայտարարությունում:
«Առաջին ատյանի դատարանը 2025թ. հունիսի 28-ին Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կալանքը կիրառել էր գործի քննությանը խոչընդոտելու և հանցանք կատարելու մտացածին հիմնավորումներով։
Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին անազատության մեջ պահելը խոսքի ազատության սահմանափակմանն ուղղված պատժողական գործողություն է և ուղղակի հետևանք իշխանության եկեղեցահալած քաղաքականության և եկեղեցականների դեմ ատելության խոսքի։
Հորդորում ենք դատական և դատախազական մարմիններին անհապաղ ազատ արձակել անհիմն կալանավորված Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին», - ընդգծվում է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Երևանի առաջին ատյանի դատարանը որոշում էր կայացրել երկու ամսով կալանավորել Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեղադրվում է իշխանությունը բռնի տապալելու կոչեր անելու համար։



