


Արմինֆո. Դատարանը ՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է Ռազմիկ Մկրտչյանի կալանքի ժամկետը երկարացնելու քննիչի միջնորդությունը և որպես խափանման միջոց ընտրել է տնային կալանքը: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է փաստաբան Հրանտ Դադոյանը:
Ըստ նրա գրառման՝ պաշտպանական կողմը հատուկ ընդգծում է, որ Ռազմիկ Մկրտչյանին առաջադրված մեղադրանքը չի համապատասխանում նրա իրական գործողություններին: "Առաջիկայում, օրենքով սահմանված կարգով, հայտնի կդառնան տեղի ունեցածի իրական դրդապատճառները բացահայտող փաստերը և տվյալ անձի նկատմամբ քրեական հետապնդման նպատակը", - նշել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը կալանավորվել էր հունիսի 15-ին: Ըստ մի շարք լրատվամիջոցների՝ նրան մեղադրանք է առաջադրվել քաղաքապետարանի աշխատակիցներից մեկին ծեծի ենթարկելու համար։ Մկրտչյանը հրաժարական է տվել հունիսի 10-ին, հայտարարելով, որ այդ որոշումը պայմանավորված է անձնական պատճառներով, այլ ոչ՝ արտաքին հանգամանքներով: Նա շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականից, պաշտոնին նշանակվել էր 26 տարեկանում։



