


Արմինֆո. ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի նոր մեքենայի համար կհատկացվի մոտ 125 հազար դոլար: Եւս մոտ 2,3 հազար դոլար կուղղվի Գեղարքունիքի մարզպետի էլեկտրամոբիլի լիցքավորման նոր կայանին:
Ինչպես ասվում է փաստաթղթի հիմնավորման մեջ, ՀՀ ներքին գործերի նախարարին սպասարկող մեքենան 2014թ. թողարկման է, դրա վազքն արդեն գերազանցել է 350 000 կմ-ը, այն դարձել է վտանգավոր և անհուսալի սպասարկման համար: Բացի այդ, մեքենայի մաշվածության պատճառով ավելացել են տարեկան սպասարկման ծախսերը:
Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև այն փաստը, որ ներքին գործերի նախարարը նաև Անվտանգության խորհրդի անդամ է, վերջինիս անվտանգության ապահովման համար անհրաժեշտություն է առաջացել ՀՀ ներքին գործերի նախարարին սպասարկելու համար շուտափույթ ձեռք բերել նոր ավտոմեքենա: Դրան կուղղվի 48,4 մլն դրամ։
Կառավարության մեկ այլ որոշմամբ 900 հազար դրամ կուղղվի Գեղարքունիքի ղեկավարի էլեկտրամոբիլի լիցքավորման կայանի ձեռք բերմանը:
Նշվում է, որ որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ կառավարության 2025 թվականի ապրիլի 23-ի որոշման համաձայն, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին որպես ծառայողական ավտոմեքենա է տրամադրվել «Volvo EX40 BEV» (մարտկոցներով աշխատող էլեկտրական մեքենա) ավտոմեքենան, որի շահագործման համար անհրաժեշտ է համապատասխան լիցքավորման կայան: Վերջինս պետք է համապատասխանի եվրոպական CE IEC 61851-1 (2017) և ամերիկյան UL ստանդարտներին, արժեքը՝ 300 000 (երեք հարյուր հազար) դրամ (ներառյալ ԱԱՀ): Էլեկտրաէներգիայի սահմանված հզորությունն անհրաժեշտ է ավելացնել 30 կՎԱ-ով, որի արժեքը կկազմի 600 000 (վեց հարյուր հազար) դրամ:



