


Արմինֆո. Հուշարձանների (պատմամշակութային և հոգևոր ժառանգության) պահպանության ոլորտում այսօր մի քանի անգամ ավելի շատ աշխատանք է կատարվում, քան եղել է մինչև 2018 թվականը։ Այդ մասին օգոստոսի 27-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Ավելի պատկերավոր համեմատության համար նա վկայակոչել է բյուջետային հատկացումները, տեղեկացնելով, որ մինչև 2018 թիվն այդ աշխատանքների համար հատկացվել է ավելի քան 100 մլն դրամ, մինչդեռ, այսօր խոսքն արդեն 1.8 մլրդ դրամը գերազանցող գումարի մասին է:
Անդրեասյանը նշել է, որ Հայաստանի տարածքում կա ավելի քան 24 հազար հուշարձան, որոնց մեծ մասը վերականգնման եւ ամրացման կարիք ունի:
Բացի այդ, նա նշել է, որ նաև բազմաթիվ կրոնական կառույցներ՝ եկեղեցիներ, վանական համալիրներ, վերականգնվում են պետբյուջեի հաշվին:
Ինչ վերաբերում է հուշարձանների պահպանմանը, նախարարը տեղեկացրել է, որ այս կամ այն պատմամշակութային կամ հոգևոր օբյեկտի համար պատասխանատվություն են կրում այն կառույցները, որոնց դրանք ամրագրված են:
Այդ առումով Անդրեասյանը նշել է, որ ավելի քան 300 կրոնական կառույցներ, հուշարձաններ հանձնվել կամ գտնվում են Հայ Առաքելական Եկեղեցու տնօրինության տակ: Իսկ պետությանը, հիմնականում, պատկանում են չգործող եկեղեցիները։
Միաժամանակ նա կարևորել է հանրության դերը հուշարձանների պահպանության հարցում։ Անդրեասյանը նշել է, որ դժգոհ է քաղաքացիների վերաբերմունքից, որն անընդունելի է համարել, հատկապես, եթե խոսքը քիչ հայտնի եւ հազվադեպ այցելվող օբյեկտների մասին է:
Նա հաղորդել է, որ իրազեկվածության բարձրացման նպատակով Հայաստանի դպրոցներին կամրագրվի այն մշակութային հուշարձանների համար պատասխանատվություն կրելու պարտավորություն, որոնք գտնվում են իրենց հարևանությամբ:



