
Արմինֆո. Հայաստանի ժողովրդավարության նկատմամբ սպառնալիքների առկայության վերաբերյալ Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանի ձևակերպումը հուշում է, որ սպառնալիքի «սլաքը» ուղղվում է ոչ թե Ադրբեջանի, այլ Ռուսաստանի կողմը։ Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ ֆեյսբուքյան իր էջում արձագանքելով ԱՀԾ ղեկավարի այն հայտարարությանը, թե՝«այս պահին և իրավամբ մենք գնահատում ենք, որ ռազմական սպառնալիքները շատ ցածր են… Բայց սպառնալիքներ կան մեր ժողովրդավարության նկատմամբ»։
«Այս ձևակերպումը հուշում է, որ սպառնալիքի «սլաքը» ուղղվում է ոչ թե Ադրբեջանի, այլ Ռուսաստանիկողմը։ Միաժամանակ արվում է խաղաղության իմիտացիա, որն իրականության հետ կապ չունի։ Սա տեղավորվում է գործող իշխանության կողմից խրախուսվող հակառուսական քարոզչության մեջ, և ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները հակված են ընդունել ադրբեջանական վասալիտետի պայմանները։
Սակայն իրականությունն այլ է․Ադրբեջանը, չստորագրելով խաղաղության պայմանագիրը, բաց է պահում պատերազմի դուռը։ Հայաստանը շարունակում է մնալ շրջափակման մեջ, իսկ մեր երկրի մի մասը դեռ օկուպացված է։ Իսկ մեր ժողովրդավարության գլխավոր վտանգը գալիս է ներսից՝ Փաշինյանի իշխանության ավտորիտար միտումներից։
Հետևաբար, վտանգավոր է հասարակությանը մատուցել կեղծ «անվտանգության պատրանք», այն դեպքում, երբ Հայաստանի առջև ծառացած հիմնական սպառնալիքները իրական են, առարկայական և պահանջում են պատասխանատու քաղաքականություն», - գրել է Սուրենյանցը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին միջազգային համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանը հայտարարել էր, որ "Հայաստանի համար ռազմական սպառնալիքների մակարդակը ներկայումս չափազանց ցածր է": Նա նաև վստահեցրել էր, որ ամիսներ առաջ այդ սպառնալիքները զգալիորեն ավելի մեծ էին, սակայն Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացը մեծապես նպաստել է ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերի նվազեցմանը: Մինչդեռ, նրա ասելով, երկրի առջև կանգնած են ժողովրդավարության հիբրիդային սպառնալիքներ, որոնք գալիս են ոչ մեկ կոնկրետ երկրից: