
Արմինֆո."Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար, գործարար Սամվել Կարապետյանը ԱԱԾ "նկուղից" հղած իր նոր ուղերձում ներկայացրել է "Մեր ձեւով" շարժման ստեղծած աշխատանքային խմբի առջև դրված խնդիրները՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ազգային արժեքների պաշտպանության համար: Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես գիտեք, «Մեր ձևով» շարժման կազմում գործում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և մեր ազգային արժեքների պաշտպանության հարցերով աշխատանքային խումբը։
Ինչպիսի՞ առաջնային խնդիրներ են դրված այդ խմբի առաջ։
Նախ, պետք է անել հնարավորը պետություն – եկեղեցի հարաբերությունները այնպես կարգավորելու համար, որպեսզի ապագայում որևէ փոքրիկ խմբակի մտքով չանցնի նոր հարձակում գործել մեր կարևորագույն ազգային ինստիտուտի վրա, և հաջողության հույս ունենալ։ Հաշվի առնելով գործող սահմանադրական հիմքերը՝ վստահ եմ, որ սա արագ լուծելի հարց է, ու քննարկումները մասնագետների հետ կբերեն ճիշտ բանաձևի ձևակերպմանը։
Ոչ պակաս կարևոր է, որ հոգևոր կյանքը մեր ժողովրդի առօրյա կյանքի անբաժանելի մասը դառնա, ու այստեղ շարժումը ևս անելիք ունի։ Բազմաթիվ խնդիրներ, որ կան մեր հասարակության մեջ ու սպառնում են փչացնել մեր ապագա սերնդի թե՛ բարոյական կերպարը, թե՛ առողջությունը, առաջացել են իրական հոգևոր սննդի պակասից։ Փաստացի կուշտ, բայց հոգևոր արժեքներից ու բարոյական սկզբունքներից զուրկ մարդը հասարակությանը, պետությանը, հայրենիքին բացարձակ օգուտ չի բերում և չի էլ կարող բերել։
Վերջապես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ազգային նկարագրի, մեր բազմահազարամյա մշակույթի անբաժանելի մասն է։ Այս բացառիկ արժեքի ո՞ր մասն ենք մենք կարողացել ցույց տալ աշխարհին ու հպարտանալ դրանով։ Անկախության շուրջ 35 տարիներին գուցե այդ հնարավորությունը չի եղել, օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներով։
Բայց արդեն շատ մոտ ապագայում մենք պետք է այնպես անենք, որ բոլորն իմանան, թե որտեղ է Հայաստանը, որտեղ է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ու թե ինչ հարուստ արժեքային ժառանգություն են թողել մեր քրիստոնյա նախնիները աշխարհին։ Անելու ենք՝ մեր ձևով»։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը ձերբակալվել էր հունիսի 18-ի գիշերը Երևանում Հայաստանի իրավապահ մարմինների կողմից՝ Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցություն հայտնելուց հետո: Դրան ի պատասխան՝ բացահայտ սպառնալիքներ էին հնչել վարչապետի կողմից։ Հունիսի 19-ի գիշերը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով կալանավորեց "Տաշիր" ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին: Նրան մեղադրում են երկրում իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Կարապետյանը մեղքը չի ընդունում։ Բացի այդ, հուլիսին "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավարին նոր մեղադրանք է առաջադրվել՝ փողերի լվացման համար։ Նա իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում։
Օգոստոսի 15-ին Հակակոռուպցիոն դատարանը շուրջ 10-ժամյա քննությունից հետո, ևս երկու ամսով երկարաձգել է Կարապետյանի կալանքը