


Արմինֆո. Բաքվի դատարանը գեներալ Լևոն Մնացականյանի դեմ «ցուցմունքների» շրջանակներում «վկա» է պեղել, ով 2022 թվականի կեղծ միջադեպ է վկայակոչում, իբր, Մնացականյանը բռնության է դիմել և այլն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Թե ի՞նչ հանգամանքներում կամ ի՞նչ կարգավիճակով է այդ ժամանակ եղել Մնացականյանը և ի՞նչ իրավիճակներում է այդպես գործել, դա ադրբեջանական իշխանությանը հետաքրքիր չէ:
Նրանց պետք է ամբողջացնել գեներալի ու Ադրբեջանում դատվող հայերի դեմ գործը և այդ ճանապարհին 1-2 կեղծ դրվագն այս կամ այն կողմ այլևս ոչինչ չի փոխում:
Մնացականյանը դատարանում խոսել է բոլոր պատերազմներին իր մասնակցության և դրա դրդապատճառների մասին, միաժամանակ հերքել իր դեմ ներկայացված կեղծ մեղադրանքները:
Ինչևէ, Ադրբեջանը շարունակում է շինծու դատական նիստերն ու ՀՀ-ի դեմ գործողությունները` ի հեճուկս խաղաղության և համագործակցության վերաբերյալ բազմաթիվ հայտարարությունների», - նշել է խորհրդարանականը։
Հիշեցնենք, որ ներկայումս ադրբեջանական բանտերում պահվում է 23 հայ, այդ թվում ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի վրա Ադրբեջանի ռազմական հարձակումից հետո գերեվարված 16 անձ ։ Գերիների թվում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:



