


Արմինֆո. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ դատավճիռը Հայաստանում ժողովրդավարության և արդարադատության բացակայության, հոգևոր-բարոյական նորմերի ոտնահարման վկայությունն է, այն ունի քաղաքական ենթատեքստ: Այս մասին "ՌԻԱ Նովոստի"-ին հայտարարել է Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը։
"Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Աջապահյանին երկու տարով դատապարտելը Հայաստանում ժողովրդավարության և արդարադատության բացակայության ևս մեկ ապացույց է և՝ հոգևոր բոլոր նորմերի ոտնահարում: Ակնհայտ է, որ խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս առաջ դատարանի որոշումը քաղաքական ենթատեքստ ունի եւ կապված է ժողովրդի շրջանում սկզբունքային եւ հայրենասեր արքեպիսկոպոսի ժողովրդականության հետ", - հայտարարել է Աբրահամյանը:
Նա հիշեցրել է, որ դատապարտված արքեպիսկոպոսը ժամանակին հրաժարվել է ծառայել հոգեհանգստի արարողությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ ՝ այդպիսով արտահայտելով իր վերաբերմունքը վերջինիս քաղաքականության, այդ թվում ՝ Եկեղեցու նկատմամբ:
Հիշեցնենք, որ նախօրեին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշմամբ դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման: Դատավճռի հրապարակումից հետո դատարանի դահլիճում հավաքված քաղաքացիները սկսել են վանկարկել "Ամոթ, ամոթ": Դատավորի որոշումը Մայր Աթոռում որակել են քաղաքական դրդապատճառներով:
Արքեպիսկոպոսը ձերբակալվել էր հունիսի 28-ին Երևանի առաջին ատյանի դատարանի որոշմամբ։ Հոգևորականը մեղադրվում է իշխանությունը բռնի տապալելու կոչեր անելու համար։ Ընդ որում, խոսքը վերաբերում է այն կոչերին, որոնք հնչեցվել են մեկ տարի առաջ և ՀՀ ԱԱԾ-ի կողմից ճանաչվել են որպես հանցակազմ չպարունակող։



