
Արմինֆո.Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի ֆոնին Երևանում օդի աղտոտվածության վտանգավոր մակարդակի վերաբերյալ:
«Օդի աղտոտվածության բարձր մակարդակը կարող է բացասաբար ազդել հատկապես խոցելի խմբերի առողջության վրա՝ երեխաներ, տարեցներ, հղի կանայք, շնչառական և սրտանոթային խնդիրներ ունեցող անձինք։
Ի՞նչ վտանգներ ունի օդի աղտոտվածությունը
Օդի աղտոտվածությունն առաջացնում է հետևյալ առողջական խնդիրները․
Շնչառական դժվարություններ (խորը շունչ քաշելիս անհարմարություն, հազ, շնչահեղձություն)
Սրտանոթային խնդիրների սրացում
Աչքերի գրգռվածություն և արցունքահոսություն
Գլխացավեր, հոգնածություն
Երեխաների մոտ՝ բրոնխիտ, ասթմայի սրացում, ուշադրության խանգարումներ
Ինչպես պաշտպանել Ձեզ և Ձեր ընտանիքին
Մնացե՛ք փակ տարածքում
Փակեք դռներն ու պատուհանները, երբ աղտոտվածության մակարդակը բարձր է։
Հատկապես քաղաքներում և խիտ երթևեկության վայրերում գտնվելու ժամանակ կրեք պաշտպանիչ դիմակ (N95 կամ համապատասխան ֆիլտրով)։
Զերծ մնացե՛ք ֆիզիկական ակտիվությունից դրսում
Խուսափեք մարզվելուց, երկար քայլելուց կամ երեխաներին խաղացնելուց բացօթյա՝ աղտոտվածության բարձր ժամերին։
Հետևե՛ք օդի որակի մասին տեղեկատվությանը
Օգտվե՛ք հատուկ հավելվածներից կամ պաշտոնական աղբյուրներից՝ օրվա ընթացքում օդի որակի մասին տեղեկանալու համար։
Հոգ տարե՛ք խոցելի խմբերի մասին
Տարեցները, երեխաները, հղիները և քրոնիկ հիվանդություններ ունեցողները պետք է լինեն առավել զգուշավոր», - ասվում է նախարարության հայտարարությունում։
Ուշագրավ է, որ քաղաքում օդի աղտոտվածության առնչությամբ քաղաքացիների վրդովմունքի ֆոնին հայտարարությամբ է հանդես եկել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ով վստահեցրել է, որ այդ աղտոտվածությունը "կարճաժամկետ հեռանկարում" առողջության համար վտանգ չի ներկայացնում:
Ավինյանը նշել է, որ ժամը 11:00-ի դրությամբ օդի աղտոտվածության ամենաբարձր մակարդակը դիտվում է Երևանի կենտրոնում, ինչը պայմանավորված է նրա աշխարհագրական դիրքով:
"Ըստ տվիչներից ստացված տվյալների արժեքը կազմում է 105 և գտնվում է անառողջ զգայուն խմբերի համար միջակայքում։
Մայրաքաղաքի այլ հատվածներում օդի որակը համեմատաբար ավելի բարվոք է: Թեև ընդհանուր բնակչության առողջության վրա այս ցուցանիշը կարճատև ժամանակահատվածում բացասական ազդեցություն չի առաջացնում, շնչառական խնդիրներով անձանց շրջանում այն կարող է բացասական ազդեցություն ունենալ։ Ուստի շնչառական խնդիրներ ունեցող անձանց խորհուրդ է տրվում սահմանափակել դրսում գտնվելու ժամանակը։ Խորհուրդ չի տրվում դրսում զբաղվել սպորտով", - գրել է Ավինյանը։
Հավելենք, որ այսօր քաղաքում նախատեսվում են տոնական միջոցառումներ՝ նվիրված Երևանի հիմնադրման 2807-ամյակին: Քաղաքի օրվան նվիրված տոնակատարությունները ներառում են համերգներ, այդ թվում՝ Թաթա Սիմոնյանի մասնակցությամբ եզրափակիչ համերգը Հանրապետության հրապարակում, և տարբեր փառատոններ: