


Օդերևութաբանները տաք ձմեռ են խոստանում Հայաստանում:
Ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը, ձմռանը օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի միջինը 1 աստիճանով: Միաժամանակ սպասվում են նորմայից բարձր տեղումներ:
Դեկտեմբերին Երևանում օդի ցերեկային ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև +10 աստիճան: Երևանում նոյեմբերի 28-ին, 30-ի ցերեկը և դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-ի օրվա երկրորդ կեսին, 30-ի գիշերը, դեկտեմբերի 2-ին սպասվում է անձրև, 28-29-ին, 2-ին հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վրկ:
Սուրենյանի խոսքով, ընթացիկ տարին կարելի է եղանակային ռեկորդների տարի անվանել՝ նկատի ունենալով տաք ձմեռը, տոթ ամառը, ինչպես նաև հոկտեմբերին նորմայից բարձր տեղումները:


