


Արմինֆո. Այն, ինչ հիմա տեղի է ունենում Գյումրիում, Հայաստանում տիրող իրավական կամայականության ևս մեկ ապացույց է։ Այդ մասին իր տեսաուղերձում հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։
Նրա խոսքով՝ ռեժիմն իրեն հասանելի բոլոր միջոցներով փորձում է մեկուսացնել այն քաղաքական գործիչներին, ովքեր դեմ են այս ռեժիմին և պայքարում են, որպեսզի Հայաստանը չգնա թուրքացման ճանապարհով: "Այս փաստն արդեն անգամ պարզաբանում չի պահանջում, տեղի ունեցող գործընթացներն ինքնին վկայում են, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա համախոհները երկիրը տանում են նրան, որ այն դառնա թուրքական", - նշել է ընդդիմադիրը:
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության համաձայն, Գյումրիում 8 մարդ է ձերբակալվել՝ քաղաքապետի գլխավորությամբ: Աղբյուրի համաձայն, մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել Գյումրի համայնքի ղեկավարի և համայնքի գլխավոր ճարտարապետի կողմից կաշառք պահանջելու և ստանալու փաստերի վերաբերյալ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, մասնավորապես, որ Գյումրի համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը, տեղեկանալով, որ քաղաքացին Գյումրի համայնքի Գարեգին Նժդեհի փողոցի 1/9 հասցեում կառուցել է քանդման ենթակա շուրջ 1500 քմ մակերեսով ինքնակամ շինություն, նախնական համաձայնության են եկել քաղաքացու հետ կոռուպցիոն գործարք կնքելու շուրջ ՝ խոստանալով 8 մլն դրամ կաշառքի դիմաց ինքնակամ կառույցը քանդելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկել:



