
Հայաստանի հավաքականի 9 առաջատար ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, Արաս Օզբիլիզը, Ռոբերտ Արզումանյանը, Մարկոս Պիզելլին, Գևորգ Ղազարյանը, Գևորգ Կասպարովը, Կառլեն Մկրտչյանը ու Հրայր Մկոյանը հերքել են ՀՖՖ ղեկավար Ռուբեն Հայրապետյանի մեղադրանքը, ով ավելի վաղ, հայտարարել էր, թե Հայաստանի հավաքականի նկատմամբ Ալբանիայի թիմի հաղթանակը հնարավոր է դարձել որոշ հայ ֆուտբոլիստների դավաճանության շնորհիվ:
«Հաշվի առնելով վերջին շրջանում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի շուրջ տարածված լուրերը, մեկնաբանությունները և շշուկները, ուզում ենք անդրադարձ կատարել վերը նշված հարցերին: Նախ նշենք, որ Ալբանիայի դեմ կայացած հանդիպման վերաբերյալ մեկնաբանություններն ու լուրերը ամբողջությամբ կեղծ են: Մենք լիովին վստահ ենք մեր հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստի վրա և մեր հավաքականում դավաճանություն փնտրելը որևէ արդյունք չի տալու: Համոզված ենք, որ մեր կարծիքը կիսում են հավաքականի բոլոր ֆուտբոլիստները: Անդրադառնալով մեզ` նշենք, որ հավաքականում խաղալու շուրջ 7-10 տարիների ընթացքում միշտ նվիրված և անմնացորդ տրվել ենք հավաքականին, ամեն ինչ արել ենք ի շահ հավաքականի, չի եղել դեպք, երբ մենք առողջ լինենք և վնասվածքներ չունենանք ու հրաժարվենք խաղալ հավաքականի կազմում: Ավելին, ունենալով վնասվածքներ, սրսկումների օգնությամբ, մարզիչների խնդրանքով մասնակցել ենք հավաքականի բազմաթիվ հանդիպումների` հասկանալով, որ մեր բացակայությունը վնասելու է հավաքականին: Մենք միշտ գործել ենք ի շահ հավաքականի` վնաս տալով թեʹ մեր առողջությանը, թեʹ բազմաթիվ դեպքերում նաև մեր ակումբային կարիերային: Մեր հավաքականում միշտ եղել է, և հիմա էլ միասնական մթնոլորտ է: Բոլոր ֆուտբոլիստները մեկ ընտանիքի պես են, հավաքականի ֆուտբոլիստների միջև հարաբերությունները նախկինի պես ջերմ և ընկերական են, ու հավաքականում տիրող վատ մթնոլորտը ոչ մի կերպ պայմանավորված չէ հավաքականի ֆուտբոլիստների միջև լարված հարաբերություններով կամ ֆուտբոլիստների պահվածքով», - ասվում է ֆուտբոլիստների հայտարարությունում:
Հոկտեմբերի 11-ին Երևանում կայացած առաջին խմբի հանդիպումն ավարտվել էր 3:0 հաշվով` ալբանացիների հաղթնակով, ինչն Ալբանիայի հավաքականին թույլ է տվել երկու միավորով առաջ անցնել Դանիայի հավաքականից և երկրորդ տեղն զբաղեցնել խմբում` նվաճելով Եվրոպա-2016 առաջնությանն անմիջական մասնակության իրավունք:
ՈՒԵՖԱ ղեկավարությունն արդեն հայտարարել է, որ մտադիր չէ հետաքննել Հայաստան-Ալբանիա խաղը` սերբական և ալբանական մամուլի հրապարակումների հիման վրա: Վերջին ամսվա ընթացքում Երևանում տեղի են ունեցել ֆուտբոլասերների բողոքի ակցիաներ` Ազգային հավաքականի գլխավոր մարզչին և ՀՖՖ ղեկավարին ավելի իրավասու անձանցով փոխարինելու պահանջով: