


Արմինֆո. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն վստահ է, որ հայ ժողովրդին անհրաժեշտ են նոր առաջնորդներ, որպեսզի օգնեն երկրին դուրս գալ ստեղծված իրավիճակից: Նորին սրբությունն այդ հայտարարությունն արել է իր գահակալության 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:
"Հայրենիքը շարժվում է դեպի ինքնաոչնչացում, իսկ Սփյուռքը՝ դեպի ինքնալուծարում։ Մենք պետք է սրան վերջ տանք համահայկական ուժերով։ Այսօր մենք ապրում ենք մեր պատմության խաչմերուկում։ Այս իրավիճակում մեզ պետք են նոր առաջնորդներ, նոր մոտեցումներ, նոր վերաբերմունք ՝ ներկայիս ճահճից դուրս գալու համար ։ Մենք չենք կարող առաջ շարժվել՝ կրկնելով նույն բանը, հատկապես՝ ամենօրյա փոփոխությունների դարաշրջանում: Մենք չենք կարող ապրել եսակենտրոն ու եսապաշտ, մենք պետք է բացենք մեր աչքերը և տեսնենք, թե ուր են գնում մեր ժողովուրդն ու մեր Հայրենիքը", - հայտարարել է Արամ Ա-ն։
Նորին սրբությունը նշել է, որ աշխարհաքաղաքական պայմանները փոխվում են, և այսօր անհրաժեշտ է, որպեսզի երիտասարդները նոր կյանք բերեն, քանի որ հենց նրանք են ճանաչում ժամանակակից աշխարհը: Կաթողիկոսի խոսքով ՝ մեծ կարևորություն պետք է տալ երիտասարդներին, վստահել նրանց, քանի որ հենց նրանք են կերտելու հայ ժողովրդի ապագան: "Երբ նույն մարդիկ նստած են նույն մտածելակերպով ձևավորված աթոռների վրա, աթոռները մաշվում են, ինչպես և նրանց վրա նստածները", - ընդգծել է Արամ Ա-ն:
Նա նշել է, որ Սփյուռքի դերը Հայաստանի փրկության և վերականգնման գործում էական է և առաջնային, և հենց Սփյուռքն է, որ կարող է կանգնեցնել այդ գործընթացը, չնայած այն հանգամանքին, որ տարբեր երկրներում բախվում է տարբեր դժվարությունների և մարտահրավերների: Այժմ, ըստ կաթողիկոսի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունն սկսել է Սփյուռքի վերակազմակերպման գործընթաց, քանի որ Հայաստանի հզորացումը պայմանավորված է հենց Սփյուռքի հզորացմամբ:



