
Ռուսաստանի հայերի միությունը պաշտպանում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը եւ խնդրում է Պետդումայի խոսնակին եւ 4 խմբակցություններին պաշտպանել փաստաթուղթը։
«Ռուսաստանի հայերի միությունը լիովին աջակցում է այդ օրինագծի ընդունմանը, այն համարում է անհրաժեշտ և կարծում, որ դա բխում է ՌԴ անվտանգության ամրապնդման շահերից: Մենք կոչ ենք անուըմ պաշտպանել նման կարեւոր նախաձեռնությունը», - ասվում է ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի հայտարարությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«ՌԴ-ում նման օրենք ընդունելը լուրջ եւ համակարգային մեխանիզմ կստեղծի Հայոց ցեղասպանության պատմական փաստերի կեղծման եւ աղավաղման, մամուլում ապատեղեկատվության, ինչպես նաև լրագրողներին, բլոգերներին եւ ամենատարբեր «փորձագետներին» ու պետական ծառայողներին կաշառելու դեմ պայքարում, ինչը թույլ կտա մոլորության մեջ չդնել ՌԴ քաղաքացիներին եւ չպղծել մահացած մարդկանց հիշատակը, ինչպես նաեւ իրական հիմք կստեղծի Թուրքիայի կառավարության նման գործողությունների կրկնությունը կանխելու համար», - կարծում է Աբրահամյանը։
Ընդ որում նա շնորհակալություն է հայտնում Ռուսաստանին Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում հետեւողական եւ օբյեկտիվ դիրքորոշման համար։
Օրինագծի համաձայն, եթե ցեղասպանությունը հերքվում է հրապարակավ, ապա նման իրավախախտման համար նախատեսվում է մինչեւ 300 հազար ռուբլի կամ մինչեւ 2 տարի ժամկետով իրավախախտի աշխատավարձի կամ այլ եկամուտի չափով տուգանք կամ մինչեւ 3 տարի ժամկետով հարկադիր աշխատանք, կամ` ազատազրկում նույն ժամկետով։ Եթե նույն հանցանքը կատարում է իր ծառայողական դիրքը կամ լրատվամիջոցներն օգտագործող անձը, ապա տուգանքի չափը կազմում է 100 հազարից մինչեւ 500 հազար ռուբլի կամ 1-ից մինչեւ 3 տարի ժամկետով իրավախախտի աշխատավարձի կամ այլ եկամուտի չափով կամ մինչեւ 5 տարի ժամկետով հարկադիր աշխատանք կամ ազատազրկում նույն ժամկետով՝ զրկվելով մինչեւ 3 տարի ժամկետով կոնկրետ գործունեություն ծավալելու իրավունքից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Սպրավեդլիվայա Ռոսիայի» առաջնորդ Սերգեյ Միրոնովը հաղորդել էր, որ նոյեմբերի 25-ին «Սպրավեդլիվայա Ռոսիան» Պետդումա է մտցրել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ օրինագիծ: Նրա համոզմամբ, դա լավ սառը ցնցուղ կլինի նրանց համար, ովքեր, մոռանալով սեփական պատմությունը, երբ բնաջնջում էին անմեղ մարդկանց, փորձում է անցյալի տարրերը ներմուծել ներկա: «Մենք ցանկանում ենք, որպեսզի ՌԴ-ում գործի նորմ, նրանք, ովքեր չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը, այս կամ այն պատժի կենթարկվեն», - հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի խորհրդրաանը 1995 թվականին և 2015 թվականին բանաձևեր է ընդունել Հայոց ցեղասպանության ճամաչման մասին :