


Հայաստանի հասարակությունը պատշաճ կերպով իրազեկված չէ նոր սահմանադրության բովանդակության, սպասվող փոփոխությունների և նորամուծությունների մասին, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Նրա խոսքով, քարոզչությունը, որն իբր այսօր տարվում է, ընդամենը շոու է: ՙՆույնիսկ մենք՝ որպես այդ սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող քաղաքական ուժ, մեր տեսակետը ներկայացնելու համար հնարավորություն և հարթակ չենք ստացել՚,- նշել է նա՝ ավելացնելով, որ, եթե իշխանություններն, իրոք, ցանկանային անցկացնել այդ բարեփոխումները, պետք է լուրջ աշխատանք տարվեր:
Մինչդեռ ՀՅԴ-ից պատգամավոր Արծվիկ Մինասյանը համաձայնել է, որ առաջիկա բարեփոխումների մասին հայ հասարակությանն իրազեկելու աշխատանքը ՙկաղում է՚: ՙԲայց դա ոչ միայն իշխանությունների բացթողումն է, որոնք նախաձեռնել են այդ բարեփոխումները, այլ նաև Հայաստանի քաղաքական բոլոր ուժերի, որոնք պետք է բացատրական աշխատանք տանեին՚,- ասել է նա: Ըստ որում, քաղաքական գործիչը համոզված է, որ նոր սահմանադրությունն ինչպես Հայաստանի քաղաքացիների, այնպես էլ քաղաքական ուժերի համար կարևոր և դրական նշանակություն ունեցող մի շարք կետեր է պարունակում: Մինասյանն ընդգծել է, որ նոր սահմանադրությունը ենթադրում է շուկաները մենաշնորհացրած օլիգարխների վրա ներգործության անմիջական լծակներ: ՙԿարծում եք՝ իշխանական կառույցներում բոլորը հանդես են գալիս այդ սահմանադրության օգտի՞ն: Նրանցից շատերը դեմ են, քանի որ նրանց ձեռնտու է այսօր երկրում տիրող իրավիճակը՚,- ասել է ՀՅԴ անդամը:


