
Արմինֆո. Հովհաննավանքում բացվեց իշխանության նոր՝ հակաինստիտուցիոնալ փուլը։ "Դեմոկրատական այլընտրանք" կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցն այդպես է մեկնաբանել կարգալույծ հռչակված հոգևորականի կողմից Հովհաննավանքում կիրակնօրյա պատարագի անցկացումը ՀՀ գործող իշխանությունների հովանու ներքո՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
«Այդ փաստացի աղանդավորական հավաքը դարձավ պետական իշխանության քաղաքական վարքագծի բաց ցուցիչ, որը ցույց տվեց գործող մոդելի էությունը՝ Փաշինյանն իրեն վեր դասում է օրենքից և ինստիտուտներից։
Սարսափելի է պատկերացնել, որ պետության ղեկավարը մասնակցում է ապօրինի հավաքի՝ դառնալով վտանգավոր նախադեպի «ճարտարապետ»:
Տեր Արամ Ասատրյանը կարգալույծ է հռչակված, և նրա մատուցած պատարագը Եկեղեցու կողմից չի ճանաչվել։
Փաշինյանը՝ իր ներկայությամբ, փաստացի վավերացրեց անօրինականությունը, դրանով ցույց տալով, որ քաղաքական նպատակահարմարությունը իր համար գերակա է սահմանադրական կարգի նկատմամբ։
Այս վարքագիծը ևս մեկ անգամ հաստատեց իշխանության ձևավորված տրամաբանությունը՝ երբ ինստիտուտը չի ենթարկվում, այն ապալեգիտիմացվում է կամ ենթարկվում ճնշման։
Արդյունքում՝ մենք ականատես ենք լինում ինստիտուցիոնալ ապամոնտաժման գործընթացի, որի նպատակը իշխանության ամբողջական վերահսկողության հաստատումն է։
Չնայած վարչական և քարոզչական ռեսուրսների գռեհիկ կիրառմանը՝ Հովհաննավանքում համախմբվել էր առավելագույնը մի քանի հարյուր մարդ։
Սա խոսուն ցուցանիշ է իշխանության իրական քաղաքական հենարանի մասին։
Հակաեկեղեցական քաղաքականությունը, որը փորձում են ներկայացնել որպես գաղափարական ուղղություն, չունի հասարակական լեգիտիմություն։
Իշխանությունը գործում է առանց արժեքային, սոցիալական հենարանի՝ հիմնվելով միայն վարչական ճնշման և մեդիա-մանիպուլյացիայի վրա։
Նման իրավիճակում խելամիտ իշխանությունը կհրաժարվեր իր քաղաքականությունից, բայց այս դասը Փաշինյանի համար չէ:
Այսօր առավոտյան, ֆեյսբուքյան ուղիղ եթերում, նա հայտարարել է. «Այսօր Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է մեր սրբության սրբոցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը»։
Այս հայտարարությամբ Փաշինյանը փաստացի հայտարարել է իր քաղաքական ծրագրի նոր փուլը, որի էությունը Մայր Աթոռի նկատմամբ սեփական վերահսկողության հաստատումն է։
Նրա գործողությունները ցույց են տալիս՝ ձևավորվում է աղանդավորական բնույթի իշխանական համակարգ, որը հիմնված է ոչ թե գաղափարների, այլ ենթակայության և վերահսկման վրա։
Այդ համակարգը հենվում է երեք բաղադրիչի վրա. արտաքին աջակցություն (Արևմուտք, Թուրքիա, Ադրբեջան), հասարակական դիմադրության պասիվություն, ռեպրեսիվ ճնշումների շարունակական կիրառում։
Փաստացի ձևավորվում է իշխանության մոդել, որը ձգտում է ընդլայնել պետական վերահսկողությունը՝ ներառելով կյանքի բոլոր ոլորտները:
Եթե ընդդիմությունը չձևավորի իր ասիմետրիկ հակաքայլերը և չկարողանա բարձրացնել հասարակության քաղաքական սուբյեկտայնությունը, ապա Փաշինյանի, այսպես կոչված, «գործնական փուլը» կարող է վերաճել Կաթողիկոսի դեմ քրեական գործի(կալանքի) և Մայր Աթոռի դեմ ուղղված կազմակերպված ռեպրեսիվ «ռեյդի»։
Երբ իշխանությունը վերածվում է տոտալիտար համակարգի, պետությունը կորցնում է իր բովանդակությունը», - գրել է Սուրեն Սուրենյանցը՝ «Ֆեյսբուքի» իր էջում: