


Սահմանադրական փոփոխությունների դեմ բողոքող միացյալ ընդդիմության հանրահավաքը դեռ չի սկսվել, սակայն ընդդիմադիրների շրջանում արդեն բերման ենթարկվածներ կան:
Ինչպես հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը, Ազատության հրապարակից ոստիկանությունը բերման է ենթարկել ընդդիմադիր Գևորգ Սաֆարյանին և հանրահավաքի մեկ այլ մասնակցի, որի անձը դեռ չի պարզվել: Ինչպես բացատրել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, նրանք բերման են ենթարկվել, քանի որ նրանց մոտ կասկածելի առարկաներ են նկատվել:
ԱրմԻնֆո-ի թղթակցի խոսքով, ներկայումս Ազատության հրապարակում ավելի քան 1000 մարդ է հավաքված: Շատերը եկել են տաք հագուստով և սնունդով, ինչպես ավելի վաղ կոչ է արել «Նոր Հայաստան՚ հանրային փրկության ճակատի ընդդիմության շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը:
Հայտնի է դարձել նաև, որ ոստիկանությունը խուզարկել է Սեֆիլյանի պայուսակը՝ պատճառաբանելով, որ ստուգվում է արգելված առարկաների առկայությունը:
Նշենք, որ «Նոր Հայաստան՚ հանրային փրկության ճակատը քաղաքացիներին կոչ էր արել մասնակցել դեկտեմբերի 1-ի հանրահավաքին և նախապատրաստվել բողոքի ակցիաների շուրջօրյա ռեժիմի: Հայտնի է դարձել նաև, որ Երևանի քաղաքապետարանն ի գիտություն չի ընդունել ՙՆոր Հայաստանի՚ շտաբի իրազեկումն Ազատության հրապարակում վրաններ տեղադրելու վերաբերյալ:



