
Արմինֆո. Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների արդյունքներով ընդդիմադիր "Հաղթանակ" դաշինքը ստացել է ընտրողների ձայների մոտ 33 տոկոսը: Այդ մասին նոյեմբերի 18-ին լրագրողներինհայտարարել է դաշինքի առաջնորդ Սևակ Խաչատրյանը։
Նրա ասելով՝ հսկայական նախապատրաստական աշխատանք էր կատարվել, ինչը թույլ է տվել ստանալ ավելի քան 10 հազար ձայն։ Քաղաքական գործիչը երախտագիտություն է հայտնել ընտրողներին, ովքեր վստահություն են հայտնել դաշինքի նկատմամբ՝ դրանով իսկ նպաստելով առկա խնդիրների վերհանմանը և դրանց լուծմանն ուղղված միջոցառումներին: Խաչատրյանը նշել է, որ դաշինքի ներկայացուցիչները չեն հրաժարվի մանդատներից և ամենաակտիվ մասնակցությունը կունենան ավագանու նիստերին: "Մեր ներկայացուցիչներն ակտիվ կլինեն և կապացուցեն մեր իրավացիությունը։ Մենք մեր մասնակցությամբ ավագանիում չենք լեգիտիմացնում կառավարող ուժին։ Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ ընտրապայքարը սկսվել է ընտրախախտումներով, ինչը շարունակվում է մինչ օրս, ինչի վկայությունն են քաղաքական ճնշումները մեր դաշինքի նկատմամբ", - ասել է Սևակ Խաչատրյանը։
Որպես օրինակ նա նշել է դաշինքի երեք անդամներին կաշառք տալու մեղադրանքները։ Քաղաքական գործիչը նշել է, որ իրեն անձամբ հարցաքննության չեն կանչել, և իր տանը խուզարկություն չեն իրականացվել: Դրանով իսկ, ինչպես նշել է դաշինքի առաջնորդը, ինքն այդ իրավական գործընթացում ներգրավված չէ։ "Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն է տարածել քրեական գործի վերաբերյալ, որով անցնում է 5 անձ ։ Նախընտրական ցուցակից խուզարկություններ են կատարվել Արմեն Դավթյանի, Կարեն Գևորգյանի և Տիգրան Գևորգյանի տներում: Նշված երեք անձանց մեղադրանք է առաջադրվել, նրանց ազատ են արձակել չհեռանալու մասին ստորագրությամբ։ Եթե մենք հաղթեինք, ապա, ինձ թվում է, ողջ թիմով կհայտնվեինք բանտում։ Այս մարդիկ, թեև հնարավորություն են ստացել միանձնյա իշխանություն ձևավորել, չեն կարողանում համակերպվել անգամ այն մտքի հետ, որ Վաղարշապատում կա 10 հազար ձայն հավաքած թիմ", - ասել է Սևակ Խաչատրյանը, հավելելով, որ, հաշվի առնելով առաջիկա խորհրդարանական ընտրությունները, իշխանությունները շարունակելու են սևացնել "Հաղթանակ"դաշինքին։
Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հանդես էր եկել հաղորդագրությամբ, որի համաձայն, Վաղարշապատում ընտրակաշառք տալու գործով մեղադրանք է առաջադրվել 5 քաղաքացու: Քննչական գործողություններ են իրականացվել ընդդիմադիր "Հաղթանակ" դաշինքի 10 անդամների նկատմամբ։