
Արմինֆո. "Միասնության թևեր" նախաձեռնության առաջնորդ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է երեք առանցքային սկզբունք, որոնց վրա հիմնվելու է իր քաղաքական ուժի օրակարգը․ ուժեղ պետություն, անվտանգային հուսալի համակարգ և արդար երկիր: Այդ մասին նա հաղորդել է նոյեմբերի 26-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։
Արտաքին քաղաքականության ոլորտում նա կարեւորել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ամրապնդումը՝ այն համարելով վստահելի գործընկեր: Բացի այդ, նա հայտարարել է երկրի կախվածությունը մեկ շուկայից, մասնավորապես, Ռուսաստանից կրճատելու և ընթացիկ խնդիրները ինքնուրույն լուծելու մտադրության մասին: "Մենք պետք է սովորենք ինքնուրույն լուծել մեր խնդիրները, որպեսզի չլինենք մի երկիր, որը չի կարող ապահովել իր իսկ կարիքները", - ասել է նա:
Անդրադառնալով անվտանգության ոլորտին՝ Թաթոյանը վստահեցրել է, որ դրա ամրապնդումն իրենց քաղաքական ուժի առաջնահերթ խնդիրն է լինելու: Նրա խոսքով ՝ ընտրվելու դեպքում նախատեսում է ստեղծել հանձնաժողով, որը վեց ամսվա ընթացքում պետք է մշակի այդ ոլորտում բարեփոխումների ծրագիր: "Այդ ծրագրի իրականացումը կսկսվի առաջին օրերից, և հինգ տարվա ընթացքում մենք կհասնենք հակառակորդի հետ անվտանգության հարցերում ուժերի հավասարակշռության։ Ես համոզված եմ, որ միայն ուժեղ երկիր լինելով մենք կարող ենք հասնել իրական խաղաղության", - ընդգծել է քաղաքական գործիչը։
Այդ առնչությամբ նա ընդգծել է բանակի ծախսերը կրկնապատկելու անհրաժեշտությունը։ Ըստ Թաթոյանի քաղաքական ուժի հաշվարկների՝ ՀՆԱ-ի 8%-ն ուղղվելու է անվտանգությանը, որից 30-40%-ն ուղղվելու է ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը։ "Մինչդեռ, ներկայումս այդ ծախսերը կազմում են ՀՆԱ-ի ընդամենը 0,53 տոկոսը, այսինքն, նույնիսկ, ոչ 1 տոկոսը։ Բացի այդ, այս ոլորտի զարգացումը ոչ միայն ապահովելու է երկրի անվտանգությունը, այլև առաջնահերթություն է դառնալու տնտեսության համար։ Օրինակ ՝ սեփական զենքի արտահանման միջոցով", - պարզաբանել է նախաձեռնության առաջնորդը։
Թաթոյանը նաեւ տեղեկացրել է իրենց քաղաքական ուժի մշակած տնտեսական ծրագրի մասին, որը կկենտրոնանա արտահանման և սոցիալական արդարության վրա: Նրա թիմի համար, ինչպես շարունակել է նախաձեռնության առաջնորդը, առաջնահերթություն են լինելու նաև կրթական, բարձր տեխնոլոգիաների, իրավունքի գերակայության համակարգերը։ "Մենք ձգտելու ենք ունենալ ուժեղ կրթական համակարգ ։ Բարեփոխումների ենթակա են նաև այլ ոլորտներ", - հավելել է նա։
Ընդ որում, Թաթոյանն ընդգծել է վերը նշված բոլոր հարցերի շուրջ Սփյուռքի հետ համագործակցության կարևորությունը՝ հիշեցնելով նրա վիթխարի ներդրումը երկրի զարգացման գործում: "Այս բոլոր հարցերում մենք կգնահատենք նրանց մասնակցությունն ու աջակցությունը", - ամփոփել է քաղաքական գործիչը:
Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հունիսի 7-ին։