


Արմինֆո. Անհայտ անձինք կոտրել են Երևանի ավագանու "Մայր Հայաստան" խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանին սպասարկող ավտոմեքենայի ապակիները: Ընդ որում, սա Սուքիասյանին սպասարկող ավտոմեքենայի վնասման արդեն երկրորդ դեպքն է։
Ինչպես ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում պատմել է Սուքիասյանը, միջադեպը տեղի է ունեցել Ազգային ժողովում լսումների ժամանակ իր ելույթից հետո: Նրա խոսքով ՝ անհայտ անձինք կոտրել են ապակիները, սակայն կրկին ոչինչ չեն գողացել։ Այդ առնչությամբ նա համոզմունք է հայտնել, որ տեղի ունեցածը քաղաքական ենթատեքստ ունի և իր գործունեությունը կասեցնելու փորձ է:
Նա նաեւ հիշեցրել է, որ առաջին դեպքը տեղի է ունեցել անցյալ տարվա ամռանը, այն ժամանակ կոտրել էին ապակիները, սակայն մեքենայից ոչինչ չէին գողացել: "Այն ժամանակ ես մտածեցի, որ դա սովորական խուլիգանություն է։ Թեեւ, արդեն այն ժամանակ կասկածներ ունեի, որ կատարվածը կարող է կապված լինել իմ քաղաքական գործունեության հետ", - պատմել է ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։
"Տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան ստորության և վախի դրսևորում գործող իշխանության կողմից։ Տեղի ունեցածի պատասխանատվությունն ընկնում է նրանց ուսերին, քանի որ սա համանման ձեռագրով արդեն երկրորդ նման դեպքն է։ Այս կերպ նրանք շարունակում են վախի մթնոլորտ ստեղծել։ Նրանք մարդկանց մեջ "թավշյա վախ" են սերմանում այն պայմաններում, երբ երկիրը վերածվել է թմրավաճառության և մոլի խաղերի Էպիկենտրոնի", - հայտարարել է խմբակցության ղեկավարը։
Իրավիճակի հետ կապված՝ Սուքիասյանը հիշեցրել է նաև Երևանի ավագանու "Մայր Հայաստան" խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքի ավտոմեքենան հրկիզելու մասին: Նա նշել է, որ բազմաթիվ նման դեպքեր չեն բացահայտվում, և համոզմունք է հայտնել, որ իր դեպքը ևս անուշադրության կմատնվի:



