
Արմինֆո. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դեկտեմբերի 1-ի աշխատանքային նիստում ներկայացրել է օդի աղտոտվածության դեմ պայքարի երկարաժամկետ և կարճաժամկետ միջոցառումները: Հիշեցնելով, որ 2024 թվականից խոշոր շինհրապարակներում տեղադրվել են օդի որակը չափող սարքեր, նա հաղորդել է, որ, որպես կանոն, օդի որակի վատթարացում նկատվում է նոյեմբերի կեսերից մինչև մարտի կեսերը:
Ավինյանը նշել է, որ լուծումներ, անշուշտ, կան, բայց դրանք բավականին բարդ են: «Շատ դեպքերում դրանք պետք է իրականացվեն Երևանից դուրս։ Եթե մենք խոսում ենք երկարաժամկետ լուծումների մասին, ապա խոսքը հարյուրավոր հեկտարներ անտառային տնկարկների մասին է, որոնք կարող են խոչընդոտներ ստեղծել քամիների համար», - նշել է նա։
Խոսելով կարճաժամկետ լուծումների մասին, առանց կոնկրետացնելու, քաղաքապետը նշել է, որ շինարարներին ավելի կոշտ սահմանափակումներ են սպասվում: Նա նկատել է, որ որոշակի վարչական աշխատանք է տարվելու, որը օդի որակին առչվող իրավիճակը կբարելավի 20 տոկոսի սահմաններում:
Դեկտեմբերին, Ավինյանի խոսքով, կընդունվի կարգավորում, որի համաձայն, շինարարները պարտավորվում են իրենց օբյեկտներում տեղադրել փոշեճնշիչ սարքավորումներ: Այդ առնչությամբ քաղաքապետին հաղորդել են, որ կան շինհրապարակներ, որտեղ նման համակարգեր են ներդրվել, և այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
Քաղաքապետն ընդգծել է, որ շուտով քննարկումներ կլինեն ոլորտի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև կիրականացվեն որոշակի վերլուծական ուսումնասիրություններ: "Խոսքը բարդ լուծումների, էական սահմանափակումների մասին է, բայց, կարծում եմ, որ մեր երեխաների առողջությունն ավելի կարևոր է, քան այն սահմանափակումները, որոնք կսահմանվեն", - ասել է նա:
Նշենք, որ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ Երևանում վերջին մի քանի օրերին փոշու խտությունը գերազանցել է թույլատրելի նորման։ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 24-ին քաղաքապետարանի նիստում հայտարարել էր, որ Երեւանում օդի որակի վատթարացումը կապված է ոչ թե շինարարության, այլ թունավոր հրկիզումների, հրդեհների եւ վառելափայտով տաքացվող տների արտանետումների հետ:
Մինչդեռ, նկատենք, որ բնապահպանության ոլորտի փորձագետները հակված են կարծելու, որ երկրում օդի աղտոտվածության բարձր մակարդակը պայմանավորված է մայրաքաղաքում լայնածավալ շինարարության ժամանակ բնապահպանական նորմերի չպահպանմամբ, քաղաքապետարանի կողմից մեծ առողջ ծառերի հատմամբ և ավտոմեքենաների թվի ավելացմամբ, մասնավորապես՝ գազերի արտանետմամբ: