
Արմինֆո.Դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի 25-ամյակ. «Ապրող օրակարգ. Կանայք, խաղաղություն և անվտանգություն օրակարգի 25 տարին և Հայաստանի կոչը՝ հանուն մարդկայինանվտանգության» միջազգային կոնֆերանսի ընթացքում:
ԱԽ գրասենյակի հաղորդագրության համաձայն, Արմեն Գրիգորյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևը 25 տարի առաջ հիմք դրեց նոր գլոբալ օրակարգի՝ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» և ստեղծեց պատմական իստիտուցիոնալ հիմք՝ կանանց դերի ճանաչման համար՝ հակամարտությունների կանխարգելման, խաղաղության հաստատման և հետպատերազմյան վերականգնման գործընթացներում։
«Այս տարվա միջոցառման թեման՝ «Ապրող օրակարգ․ կանայք, խաղաղություն և անվտանգություն օրակարգի 25 տարին և Հայաստանի կոչը՝ հանուն մարդկային անվտանգության», առանձնապես արդիական է մեր տարածաշրջանի համար, որտեղ խաղաղությունն ու անվտանգությունը դարձել են տարածաշրջանում ապրող մարդկանց զարգացման հիմնարար նախապայմաններ։ Իսկ հոբելյանական տարեթիվը ոչ միայն խորհրդանշական է, այլ նաև պարտավորեցնող՝ մեզ հիշեցնելով, որ խաղաղությունը և անվտանգությունը չեն կարող լինել կայուն, եթե դրանց կառուցման գործընթացներում կանանց ձայնը և մասնակցությունը լսելի չեն։
Հարգելի՛ հյուրեր, Հայաստանը հետևողական է իր հանձնառությանը՝ կյանքի կոչելու «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» բանաձևի գործողությունների ազգային ծրագիրը, որը ներառում է ռազմավարական և գործնական միջոցառումներ՝ ուղղված կանանց ընդգրկմանն անվտանգության ոլորտում՝ հիմնված ներառականության, կայունության և մարդկային անվտանգության ապահովման սկզբունքների վրա։
ՀՀ կառավարությունը և մասնավորապես Պաշտպանության նախարարությունն իրականացրել և շարունակում են իրականացնել մի շարք ծրագրեր՝ ուղղված զինվորական և քաղաքացիական անվտանգության կառույցներում կանանց ներգրավմանն ու մասնագիտական զարգացմանը, ինչպես նաև ռազմավարական պլանավորման, ճգնաժամային կառավարման և խաղաղապահ առաքելություններում ներգրավման բարձրացմանը, որտեղ և առաջընթացը նշանակալի է: Մենք նաև մեծ կարևորություն ենք տալիս քաղաքացիական հասարակության դերակատարությանը, քանի որ կանանց իրավունքներով զբաղվող հասարարական կազմակերպություններն ակտիվորեն մասնակցում են խաղաղաշինական նախաձեռնություններին, կոնֆլիկտների կանխարգելմանը, խաղաղության խթանմանը, սահմանամերձ համայնքներում իրականացնում են կայունությանն և կանանց ներգրավվածության բարձրացմանն ուղղված ծրագրեր, որոնք միանշանակ է, որ նպաստում են կանանց առաջնորդության զարգացմանը:
Հայաստանում վերջին տարիներին կանանց ներգրավվումն անվտանգային և պաշտպանական ոլորտներում գրանցում է կայուն աճ: Այսօր Զինված ուժերում նկատելիորեն աճել է կին զինծառայողների թվաքանակը, բարձրացել է կանանց մասնակցությունը նաև քաղաքական որոշումների կայացման հարցերում: «Գլոբալ գենդերային անհավասարության զեկույցի» համաձայն՝ Հայաստանը 146 երկրների շարքում զբաղեցնում է 59-րդ տեղը՝ տարածաշրջանային երկրների շարքում լինելով առաջինը: Այսօր ՀՀ ազգային ժողովում կանանց ներգրավվածությունը հասել է 38%-ի, որը ևս տարածաշրջանային առումով ամենաբարձր ցուցանիշն է: Կանայք ներկայացված են նաև Կառավարության կազմում, տեղական ինքնակառավարման մարմիններում և պետական կառավարման տարբեր օղակներում:
Հարգելի գործընկերներ, Հայաստանը, գտնվելով բարդ տարածաշրջանում, ունի սեփական փորձ՝ որտեղ անվտանգության ընկալումը վերափոխվում է մարդկային և հանրային դիմակայունության մոդելի։ Մենք հասկանում ենք, որ անվտանգության համակարգերը չեն կարող արդյունավետ լինել, եթե դրանց հիմքում բացակայում է հանրային վստահությունը, մասնակցությունը և հավասարությունը։ Այդ իսկ պատճառով մեր նպատակն է ապահովել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի՝ կին թե տղամարդ, կկարողանա ապրել անվտանգ, արժանապատիվ և խաղաղ պայմաններում։ Այս համատեքստում մենք կարևորում ենք կանանց դերը ոչ միայն որպես խաղաղության շահառուներ, այլ՝ որպես դրա ակտիվ ստեղծողներ։ Նրանց ներգրավվածությունը քաղաքական որոշումների կայացման, խաղաղապահ ջանքերի և անվտանգության քաղաքականությունների մշակման գործընթացներում՝ կարևոր են իրական և երկարատև խաղաղության հաստատման համար։
Տիկնա՛յք և պարոնա՛յք, Թող մեր քննարկումները ոչ միայն վերաիմաստավորեն անցած 25 տարիները, այլև դառնան հիմք նոր անվտանգության մշակույթի ձևավորման համար, որտեղ խաղաղությունը պահպանվում է վստահության, ներառականության և համագործակցության միջոցով։ Շնորհակալություն», - ասել է ԱԽ քարտուղարը: