


Արմինֆո. Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին մեղադրել է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի դատապարտյալ առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին բժշկական օգնություն հասանելիիություն տրամադրելու հարցի վերաբերյալ սուտ տարածելու համար:
Նա արձանագրել է, որ դեկտեմբերի 8-ին արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ զրույցում պնդել է, որ ոչ մի խոչընդոտ չկա Միքայել Սրբազանի պատշաճ բուժօգնություն ստանալու հարցում, եւ իրենք անհամբեր սպասում են Միքայել Աջապահյանի փաստաբանների դիմումին․«Այն դիմումը, որ պետք է ներկայացվի, չի ներկայացվել․», ասել է նախարարը:
«Նախարարի այս պատասխանը խիստ զարմացրել է Միքայել Սրբազանի փաստաբան Մարինե Ֆարմանյանին։ Նա Ազատություն ռադիոկայանին ասել է, որ դիմել են և մերժում ստացել։ Փաստաբանը անհեթեթ է որակել նախարարի այս պատասխանը։ Ավելին, «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի տնօրեն Կամո Մանուկյանը ևս հաստատել է, որ Սրբազանի փաստաբաներից դիմում ստացել են,։ Այսինքն, նախարարը բացահայտորեն ստում է։ Ստելը հենց այն պարտադիր պայմանն է, որով դու կարող ես համալրել իշխանության շարքերը։
Հավելեմ նաև, որ բուժսպասարկումը քրեակատարողական հիմնարկներում աղետալի վիճակում է։ Բազմաթիվ զանգեր եմ ստանում կալանավորներից և դատապարտյալներից։ Եթե հանրության ուշադրության կենտրոնում գտնվող Միքայել Սրբազանի դեպքում է այս վիճակը, ապա պատկերացրեք մյուսների դեպքում ինչ կլինի», - գրել է Ժաննա Ալեքսանյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։



