
Արմինֆո. Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարծում է, որ Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը խանգարում են «ժողովրդավարության թշնամիները, մասնավորապես, Ռուսաստանը», որոնք հիբրիդային միջոցներ են կիրառում: Այդ մասին Մերցը հայտարարել է դեկտեմբերի 9-ին Բեռլինում ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:
Ինչպես նշել է Գերմանիայի կանցլերը, վարչապետ Փաշինյանն իրեն ասել է, թե ինչ պատկերացում ունի Հայաստանի զարգացման, ժողովրդավարության բարեփոխումների մասին, երկրի և հասարակության մասին, «որն ուզում է խաղաղ ապրել իր հարևանների հետ և բարեկեցություն կառուցել»։
«Այդպիսի ժողովրդավարական զարգացման մաս է կազմում խորհրդարանական ընտրությունը, որը հունիսին տեղի է ունենալու Հայաստանում։ Խաթարող մի հանգամանք կա, որը բնական է դարձել, որտեղ ժողովրդավարության թշնամիները հիբրիդային եղանակով միջոցներ են ձեռնարկում, հատկապես՝ Ռուսաստանը փորձում է ինչ-որ վախեր սերմանել Եվրամիության և արևմուտքի հետ սերտացման, հարաբերությունների մերձեցման մասին և սխալ տեղեկություններ տարածել Եվրամիության արժեքների մասին՝ սաբոտաժ, ապատեղեկատվություն, դրոններ, ԱԹՍ-ներ, այդ եղանակով փորձում են ապատեղեկատվություն տարածել և ապակայունացնել իրավիճակը։ Դա տեղի է ունենալու, իհարկե։ Տեղի է ունենում նաև Ուկրաինայում, տեսնում ենք ամեն օր ավերածությունների տեսքով։
Եվ վերջում ցանկանում եմ ասել, որ ռուսական այդ ագրեսիոն պատերազմը պետք է կանգ առնի, կանգնեցվի, և այս օրերին մենք ինտենսիվորեն զբաղվում ենք այդ հարցով, որպեսզի արդարացի և երկարատև խաղաղություն հաստատվի։
Գերմանիան հստակ ուղեգիծ ունի, առանց Ուկրաինայի ու առանց եվրոպացիների հնարավոր չէ իրենց մասին որոշում կայացնել, և պարտադրված, թելադրված խաղաղություն չպետք է լինի Կիևի համար», - ասել է Մերցը։
Այդ համատեքստում, ինչպես շարունակել է կանցլերը, իրենք Փաշինյանի հետ խոսել են համատեղ ծրագրերի մասին, թե՝ ինչպես կարող է Գերմանիան նպաստել Հայաստանի դիմակայունությանը։ «Մեզ համար ինքնաբերաբար պարզ է, որ մենք ցանկանում ենք օգնել հիմնական հարցերում, որոնք վերաբերում են ինքնիշխանությանը, ամրացնել Հայաստանի անվտանգությունն ավելի լայն օրակարգով», - հայտարարել է ԳԴՀ դաշնային կանցլերը։