


Արմինֆո.ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Գործընկերության, անվտանգային համագործակցության և զանգվածային բնաջնջման զենքերի հակազդման հարցերով փոխտնօրեն, բրիգադային գեներալ Քրիս Մքինիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայաստան՝ աջակցելու օգոստոսի 8-ին Սպիտակ տանը տեղի ունեցած գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածություններին։ Այդ մասին հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը։
«Եվրոպական հրամանատարությունը սերտորեն աշխատում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և պաշտպանության նախարարությունների հետ՝ առաջ մղելու կայուն խաղաղությանը նպաստող ընդհանուր նպատակները, այդ թվում՝ համագործակցության ընդլայնումը քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային պաշտպանության ասպարեզում և զինված ուժերի շարունակական արդիականացման աշխատանքներում», - նշվում է դեսպանատան հաղորդագրությունում։



