
Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարող արցախցիներին զրկել հայրենիք վերադառնալու իրավունքից։ Այդ մասին Արցախի ներկայացուցչությունում լրագրողների հետ զրույցում հայտարարել է "Արցախ" միություն հասարակական կազմակերպության ղեկավար, ԼՂՀ նախկին օմբուդսմեն, Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ Ադրբեջանին ուղղված առաջարկներին․ միաժամանակ փակել, այսպես կոչված, "Արևմտյան Ադրբեջանի" թեման և արցախցիների հայրենիք վերադարձի հարցը։
Բեգլարյանի խոսքով ՝ Հայաստանի վարչապետն այս դեպքում կարող է միայն հնչեցնել Հայաստանի կառավարության դիրքորոշումը, սակայն Արցախի ժողովուրդն ինքը պետք է որոշի՝ վերադառնալ, թե ոչ ։ "Մեզ համար այդ դիրքորոշումը խիստ անընդունելի է եւ դատապարտելի, քանի որ այդ կերպ նրանք "վաճառքի" են դնում իրավունքը։ Արցախցիների և ադրբեջանցիների վերադարձի իրավունքը չի կարելի հավասարեցնել ըստ պատճառների, ոչ ըստ փոխհատուցման, ոչ ըստ ժամկետների, ոչ ըստ իրավական հիմքերի։ Չի կարելի մի պարզ պատճառով. Ադրբեջանում ապրող հայերը բռնի տեղահանվել են ցեղասպան քաղաքականության արդյունքում, մինչդեռ, Հայաստանից հեռացած ադրբեջանցիները դա արել են խաղաղ և սեփական կամքով", - ընդգծել է Բեգլարյանը։
Այդ առնչությամբ նա նաև հիշեցրել է ՄԱԿ Միջազգային դատարանի՝ արցախցիների անվտանգ վերադարձն իրենց հայրենիք ապահովելու վերաբերյալ Ադրբեջանի համար պարտադիր որոշումը, նկատելով, որ այն տարածվում է ողջ միջազգային հանրության, այդ թվում ՝ Հայաստանի վրա: Ավելին, ինչպես նշել է Արցախի նախկին պետնախարարը, այն ընդունվել է հենց Հայաստանի դիմումի հիման վրա։ "Այսպիսով, Հայաստանի իշխանությունները փաստացի հրաժարվում են կատարել դատարանի որոշումը եւ արդարացնում են ցեղասպանությունը", - ընդգծել է հասարակական կազմակերպության ղեկավարը:
Մինչդեռ, ինչպես հիշեցրել է Բեգլարյանը, հենց Փաշինյանն է համաձայնել միջազգային դատարաններ հայցեր ներկայացնել 2023 թվականին Արցախի ողջ բնակչության բռնի տեղահանումից հետո ։ "Ավելին, վարչապետը ստանձնել է միջազգային պարտավորություններ, երբ հանրապետությունը վավերացրել է Փախստականների կարգավիճակի մասին Կոնվենցիան, որտեղ հստակ նշված է, որ փախստականներն իրավունք ունեն վերադառնալու, իսկ ընդունող պետությունը պարտավոր է անել ամեն ինչ նրանց վերադարձնելուհամար։ Մենք պատերազմի կոչ չենք անում, մենք կոչ ենք անում հարցը դնել քաղաքական օրակարգ և դիմել միջազգային համապատասխան կառույցներին ու պետություններին ՝ դատարանի որոշման կատարումն ապահովելու խնդրանքով", - պարզաբանել է Արցախի նախկին պետնախարարը։
Բեգլարյանը նաև նշել է Գերմանիայում Փաշինյանի հայտարարությունների և Երևանում Արցախի ներկայացուցչությունում տեղի ունեցած խուզարկությունների հնարավոր կապը: Նա նշել է, որ խուզարկությունների հիմնական պատճառը կարող էին լինել դեկտեմբերի 10-ին ԼՂՀ ինքնորոշման հանրաքվեի հերթական տարելիցի կապակցությամբ Արցախի ներկայացուցչությունում տեղի ունեցած լսումները: "Իրավիճակն իրականում պարզ է ։ Արդեն տևական ժամանակ է, ինչ ԼՂՀ պետական հաստատությունները, ներառյալ Երևանում Արցախի ներկայացուցչությունը, ենթարկվում են ակտիվ հետապնդումների ։ Երեկվա լսումները լրացուցիչ առիթ դարձան խուզարկություններ իրականացնելու համար", - կարծում է Բեգլարյանը։
Միաժամանակ, նա համոզմունք է հայտնել, որ եթե էական հասարակական ճնշում չգործադրվի, Հայաստանի իշխանությունները կարող են խլել նաև Արցախի ներկայացուցչության շենքը: