
Տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հետ կապված զանգվածային բողոքներն ի հայտ բերեցին այն հիմնական խնդիրները, որոնցով Հայաստանը մուտք կգործի նոր ընտրական փուլ, ինչը լիովին կարող է քաղաքական դիզայնի կտրուկ փոփոխության հանգեցնել: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
ԿԸՀ նախնական արդյունքների համաձայն, դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական բարեփոխումների օգտին քվեարկել է ընտրողների 63,35 տոկոսը, «Ոչ»՝ 32,35 տոկոսը:
ՙՍոցիալական դժգոհությունը, իշխանության կայունացման ձգտումը՝ սեփական դիրքերի ամրապնդման համար խաղը սրելու անհրաժեշտության հետ միասին Հայաստանի՝ տուրբուլենտության բարձր ռիսկերի ժամանակաշրջան թևակոխելու վկայություն են: Այս առումով իշխանության դեկտեմբերյան հաջողությունը, ըստ երևույթին, ինքնաբերաբար 2017 թ. ընտրական փուլ չի տեղափոխվի՝ հաշվի առնելով հետխորհրդային երկրներում անձնավորման գործոնի կարևորությունը՚,- նշել է նա:
Մարկեդոնովը հիշեցրել է, որ մարտի 1-ի ողբերգությունից հետո չորս տարվա ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանին հաջողվել է մի քանի սկզբունքային քաղաքական խնդիր լուծել: Մասնավորապես՝ դուրս գալ Ռոբերտ Քոչարյանի ստվերից՝ իր շուրջը կառուցելով իշխանական ուղղահայացը, ինչպես նաև հրաժարվելով ընդդիմության նկատմամբ անմիջական ճնշումից՝ անցում կատարել վերջինիս հետ երկխոսության՝ ներառելով վերջինիս ներկայացուցիչներին քաղաքական համակարգում: Արդյունքում խորհրդարանում են հայտնվել ՙԺառանգություն՚ կուսակցության, Հայ ազգային կոնգրեսի, ՀՅԴ-ի և 2012 թ. իշխանական կոալիցիան լքած ՙԲարգավաճ Հայաստանի՚ ներկայացուցիչները:
Սակայն, ըստ նրա, հաշվի առնելով կայունացման խնդրի վերածումն ինքնանպատակի, ինչը չի ենթադրում քաղաքական համակարգի ակտիվ ինքնազարգացում՝ իշխանությունից դժգոհությունը, միևնույն է, չի վերացել: Իսկ ՙհին նոր իշխանությունը՚ ոչ միայն չի լուծել բազմաթիվ սոցիալական խնդիրները, այլ նաև, օրինակ՝ 2015 թ. հունիսին հայտարարել է էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման մասին, ինչը Հայաստանի քաղաքացիների համար վերջին տարիներին արդեն երրորդ անգամ էր տեղի ունենում:
Այդպիսով, վերլուծաբանի կարծիքով, Հայաստանի իշխանությանն առայժմ փրկում է կազմակերպված և ընտրազանգվածի համար գրավիչ ընդդիմության բացակայությունը, որը կրկին ի վիճակի չէր գլխավորելու սոցիալական բողոքը ամռան-աշնանը և 2015 թ. ձմռանը հանրաքվեի դեմ բողոքը: Դրան պետք է ավելացնել իշխանության քննադատների գաղափարախոսական անհստակությունը, որոնք հանդիմանում են Սարգսյանին ավտորիտարիզմի և իշխանության բռնազավթման համար ու միաժամանակ մերժում խորհրդարանական մոդելի ստեղծմանը միտված սահմանադրական փոփոխությունները:
ՙԴրան, անշուշտ, պետք է ավելացնել ղարաբաղյան հակամարտությունը, ինչն իշխանությանը և, գլխավորը, ընդդիմությանը զերծ է պահում կտրուկ գործողություններից, ինչից առաջին հերթին շահումն են իշխանությունները՝ առայժմ՚,- ամփոփել է Մարկեդոնովը: