


Արմինֆո.Նաիրա Բադալյան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի բոլոր բնակիչներին՝ անդրադառնալով «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի համատեղ հայտարարությանը։
«Երեկ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում եւս մեկ կարեւոր քայլ արվեց Խաղաղության ինստիտուցիոնալացման եւ TRIPP նախագծի գործնական իրագործման ուղղությամբ, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիս։ Ժամը 10–ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես կգա մեկնաբանություններով, ես եւ մեր մյուս գործընկերները եւս առիթներ կունենանք», - գրել է Փաշինյանը սոցցանցում։
Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ը հրապարակել էր «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրականացման կարգը սահմանող փաստաթուղթը, որը ներկայացվել է Վաշինգտոնում Միրզոյան-Ռուբիո հանդիպման արդյունքում։ Նշվում է, որ փաստաթուղթը նոր քայլ է 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ստանձնած պարտավորությունների կատարման ճանապարհին ՝ նպաստելու Հարավային Կովկասում կայուն խաղաղության գործին: Ընդգծվում է, որ այն սահմանում է TRIPP-ի իրականացման շրջանակային հիմքը։ "Այս շրջանակային հիմքը Հայաստանի կամ Միացյալ Նահանգների համար որևէ իրավական պարտավորություն կամ պատասխանատվություն չի ստեղծում և նախատեսված չէ ստեղծելու համար",-ասվում է փաստաթղթում:



